10.12.2025
Ցուցադրական անդամակցություն ՄՔԴ-ին․ Բաքվի հանցագործությունները մնացին անպատիժ
21.08.2025
Ցուցադրական անդամակցություն ՄՔԴ-ին․ Բաքվի հանցագործությունները մնացին անպատիժ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ևս չորս ներկայացուցչի նկատմամբ: Այս մասին հաղորդվել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում: Պատժամիջոցները կիրառվել են ՄՔԴ դատավորներ Քիմբերլի Փրոսթի (Կանադա) և Նիկոլաս Գիլյուի (Ֆրանսիա), ինչպես նաև դատախազի տեղակալներ Շամիմ Խանի (Ֆիջի) և Մամե Մանդիայե Նիանգի (Սենեգալ) նկատմամբ: Նախարարությունը հավելել է, որ Փրոսթը լիազորել է ՄՔԴ-ի հետաքննությունն Աֆղանստանում գտնվող ամերիկյան անձնակազմի վերաբերյալ, իսկ Գիլյուն խնդրել է ձերբակալման օրդերներ տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և հրեական պետության նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար: Դատախազի տեղակալներ Խանի և Նիանգի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «ՄՔԴ-ի` Իսրայելի դեմ անօրինական գործողություններին աջակցելու, այդ թվում՝ Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ ՄՔԴ ձերբակալման օրդերները պահպանելու» համար: Հունիսի սկզբին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ չորս դատավորների նկատմամբ՝ ամերիկացիների և իսրայելցիների կալանավորման փորձերի համար: Հայաստանի իշխանությունները խոստացել էին ժողովրդին, որ կվավերացնեն Հռոմի ստատուտը և կպատժեն Ադրբեջանին՝ ՀՀ տարածքում կատարած հանցագործությունների համար։Սակայն Հռոմի ստատուտի վավերացումից հետո այդպես էլ որևէ հայց Ադրբեջանի դեմ չներկայացվեց։ Իրականում իշխանությունների գլխավոր նպատակը այլ էր․ ցուցադրաբար քայլել համընթաց «առաջադեմ աշխարհի» հետ և հակադրվել Ռուսաստանի Դաշնությանը։ Այս քայլը միաժամանակ նպատակ ուներ խոչընդոտել Պուտինի այցը Հայաստան, սակայն այդ «իզոլացման քաղաքականությունն» էլ տապալվեց․ ինչպես հայտնի է, Պուտինը վերջերս այցելեց ԱՄՆ։ Ի վերջո, ի՞նչ արժեք ունի Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին, եթե Ադրբեջանի գործած հանցագործությունները մնալու էին անպատիժ, ավելին Բաքուն շարունակում է շինծու գործերով դատավարություններ իրականացնել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ մեր պատկան մարմինները ոչինչ չձեռնարկելով հետևում են այդ գործընթացին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյան