Վաղն անգամ այս առաջարկություններին կարող ենք երանի տալ. այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և շարունակում. "Իհարկե, խորթ է լսել, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ-ն համեմատում Դոնբասի կամ Կոսովոյի սերբերի հետ: Մյուս կողմից, ի՞նչ էինք սպասում 44-օրյա պատերազմից հետո, արդյո՞ք կարծում ենք, թե հնարավոր է գին չվճարել այդ պատերազմի պարտության համար: Կամ՝ արդյո՞ք արևմտյան կարգավորման որևէ տարբերակ ավելի բարձր կարգավիճակ է նախատեսում ԼՂ-ի համար: Ցավոք, հակառակի մասին պնդումներն ավելի շատ են, մանավանդ, որ Բրյուսելի պատկերացումներում որոշակիացված չէ «միջազգային մեխանիզմ» ասվածը կամ խոսք անգամ չկա խաղաղապահ առաքելության մասին: Ու դարձյալ՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին, ստորագրում է Պրահայի հայտարարությունը, որտեղ որևէ երաշխիք չի ստանում ԼՂ սուբեկտության ու ժողովրդի անվտանգության վերաբերյալ, բայց մենք շարունակում ենք կարծել, թե միջազգային հանրությունը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» պետք է լինի: Արցախը կանգնած է իրական հայաթափության վտանգի առաջ, իսկ մենք դեռ դժգոհում ենք, որ ԼՂ-ն համեմատում են Դոնբասի կամ Կոսովոյի սերբական ինքնավարության հետ: Վաղն անգամ այս առաջարկություններին կարող ենք երանի տալ...", - գրել է Սուրենյանցը: