VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը վերջերս ներկուսակցական փակ նիստերից մեկի ժամանակ զարմանք է հայտնել, որ 6 տարի է՝ իրենք իշխանության են, ժողովուրդն իրենց հանդուրժում է: Նա այդ հայտարարությունն արել է Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցի քննարկման ընթացքում: Ձեռքի հետ` հընթացս ասել է. 6 տարի է՝ մենք իշխանության ենք, ես չէի սպասում, որ այսքան կմնանք, ապա շարունակել է ասելիքը, սակայն նրա այդ հայտարարությունը գրավել է կուսակիցների ուշադրությունը: Հավանաբար, հարց են տվել, Փաշինյանն ասել է, որ այլ առիթով կանդրադառնա։ ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական իշխանություն լինելով` որեւէ խոստում չենք կատարել, բայց շարունակում ենք մնալ իշխանության։ Բայց իշխանության մնալը դեռ ոչինչ չի ասում, անգամ իշխանական սոցհարցումների համաձայն, Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի է հասել` 17 տոկոսի: Ոմանց կարծիքով, դա էլ ուռճացված թիվ է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել իշխանական ճամբարի ստորին էշելոններում: Մասնավորապես ՔՊ-ականների տների եւ գրասենյակների մոտ ռումբեր տեղադրելը, Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակումը ՔՊ-ականների սիրտը վախ է գցել, որ կարող են արժանանալ հանրության դաժան դատաստանին։ Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանը, ով, ամենայն հավանականությամբ, ապաստան կգտնի Հայաստանից դուրս։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սրանով է նաեւ պայմանավորված, որ ՔՊ-ի փակ քննարկումներն այլեւս չեն անցնում հլու-հնազանդ մթնոլորտում, եւ շարքային պատգամավորներն անգամ համարձակվում են հակադրվել Փաշինյանի ոչ միանշանակ որոշումներին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2020 թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում Տավուշի մասին կետ կար, որը հետո հանվել էր: Այս հարցը հետագայում դարձավ փոխադարձ մեղադրանքների առարկա, գեներալներն ասում էին, որ իրենց շնորհիվ է այդ կետը հանվել, Փաշինյանը հակառակն էր ասում․ 2021 թ․ հունիսին, նախընտրական հավաքներից մեկի ժամանակ նա հայտարարեց, որ Տավուշին վերաբերող կետի պատճառով ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. «10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետեւ համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետեւ այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկն իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր․․․ Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ասել եմ՝ ոչ, դա բացառված է, չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»։ Նույն պնդումը հետագայում էլ արեց: Բայց հիմա ստորագրել պարտադրող գեներալները չկան, հիմա սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող հայտարարությունները հանրության կողմից բավական բուռն արձագանքի արժանացան: Սա, ըստ էության, իշխանությունների համար կանխատեսելի էր, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, նրանք այս իրավիճակի հետ կապված պահեստային տարբերակներ են նախատեսել, ավելին՝ հընթացս նոր «մեթոդներ» են մտածում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին, ինչպես նաև մերձիշխանական որոշ սատելիտների հանձնարարել է այս փուլում ակտիվ մարզային այցեր իրականացնել և հանրությանը «բացատրել», թե իրականում ինչ են ցանկանում անել իրենք։ Մասնավորաբար, տվյալ դեպքում նախատեսվում է հանրային տարբեր հանդիպումների ընթացքում մարդկանց հետ զրույցներ ունենալ, քննարկումներ կազմակերպել, որտեղ իշխանականները պետք է հասկացնեն, որ այն, ինչ տեղի է ունենում, լրիվ «լեգիտիմ» գործընթաց է, որ այդ քայլով ՀՀ սահմաններից ոչ մի տարածք չի հանձնվում, որ այդ տարածքները երբեք Հայաստանինը չեն եղել և այլ հայտնի պնդումներ, որոնք վերջին մի քանի օրերին Փաշինյանը հանրային հարթակներից հնչեցնում է։
Ի դեպ, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հորդորել է նաև հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»։ Նշենք նաև, որ այս օրերին իշխանության որոշ «էմիսարներ» արդեն մարզերում են, ընդ որում՝ ոչ միայն Տավուշում, հանդիպումներ են ունենում: Սակայն այստեղ մի «բայց» կա. բանն այն է, որ «գործուղվածների» հանդիպումները հիմնականում զուտ «գալոչկայի» համար են, որպեսզի շեֆին «քանակ» զեկուցեն: Քանի որ իրականում հանրությունը բավական բորբոքված է և շատ վատ է վերաբերվում իշխանության այս որոշմանն ու Նիկոլ Փաշինյանին և իր «թիմին», ուստի իշխանական ու մերձիշխանական քարոզիչների հանդիպումներն անցնում են բավական նեղ «կռուգներում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է: Բանն այն է, որ երբ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն են եղել, նրան ասվել է, որ իր մանդատը ժամանակավոր բնույթ է կրելու, եւ որոշ ժամանակ անց նրան կդարձնեն դեսպան։ Տեւական ժամանակ է՝ Արսենյանի ագրեմանը ուղարկել էին Ռուսաստանի Դաշնություն, սակայն այն չի հաստատվել, եւ գործարար պատգամավորի՝ դեսպան դառնալու պլանները ձախողվել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա երկրում չէ, տեւական ժամանակ է՝ լքել է Հայաստանը։ Երեկ «Հրապարակ»-ը գրեց, որ Գուրգեն Արսենյանը դուրս է եկել ՔՊ խմբակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց պատգամավորի հետ, որն ասաց, որ երկրում չի եւ տարածված լուրերը համարեց դեզինֆորմացիա։ Նա կտրուկ հերքեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու տեղեկությունը, բայց «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արսենյանը, այնուամենայնիվ, կհեռանա ՔՊ-ից, եւ հեռացումը խորը արմատներ ունի, որին կանդրադառնանք առաջիկայում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են ներկայացնում։ Մի փոքր հետ գնանք եւ վերհիշենք, թե ինչ կատարվեց նախորդ տարեվերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուրջ։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ ԿԿՀ անդամ Նարինե Ավետիսյանը ինքնաառաջադրվելուց հետո չընտրվեցին եւ հետո լքեցին ԿԿ հանձնաժողովը։ Այժմ գրեթե 3 ամիս այս հանձնաժողովը մնացել է առանց նախագահի եւ անդամների ամբողջական կազմի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետը՝ Կարեն Հակոբյանը, այս տարվա մարտի սկզբին լքեց իր պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա պես շատերն են ուզում լքել հանձնաժողովը՝ դժգոհելով եւ՛ հաստիքների համար քիչ վարձատրվելուց, եւ՛ բարդ ու մտավոր ծանր աշխատանքի անպտղությունից։ Տեղեկացանք նաեւ, որ հանձնաժողովում բարդ աշխատանքների հետ մեկտեղ նախագիծ չի առաջարկվում հաստիքացանկն ավելացնելու համար, նաեւ աշխատանքի վարձատրությունները կատարած աշխատանքի դիմաց շատ անհամաչափ քիչ են։ Ստացվում է, որ իշխանությունները ԿԿՀ նախագահի եւ անդամի ընտրությունները որոշ ժամանակով սառեցրել են, որ գտնեն իրենց «սրտի» ԿԿՀ նախագահին, որպեսզի քաղաքական վրեժ լուծեն ընդդիմախոսներից, եւ հանձնաժողովը աչք փակի կոռուպցիոներ ՔՊ-ականների հարստացման վրա։ Փաստը ցույց է տալիս, որ ՔՊ-ում չունեն իրենց նախընտրելի մարդուն, որը հեշտությամբ կկոծկի իրենց իսկ կոռուպցիոն քայլերը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է ԲԴԽ-ին, որ մտնում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննչական գործողությունների։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ իրազեկելուց հետո մտել են դատարան, քննչական գործողություններ են կատարել։ Ավելին՝ ըստ լուրերի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին եւս օգնականի մասով մի քանի հարցեր են տվել։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաստատել էր ArmLur.am-ի տեղեկությունները, որ իրավապահները կալանավորել են Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականին։ Ըստ կոմիտեի՝ անձին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ։ Նշենք, որ դատավոր Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, Վահագն Խաչատուրյանին, առաջինի հետ նաև ասուլիս է տվել: Սոցցանցերում օգտատերերը նկատել են, որ ի տարբերություն Հայաստան այցելած այլ երկրների ղեկավարների, չի կազմակերպվել Կոբախիձեի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»: Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ. «Պաշտոնական այցերի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների շրջանակը որոշվում է փոխադարձ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով այցի օրակարգը և քննարկվելիք հարցերի շրջանակը: Վրաստանի վարչապետի՝ Հայաստան այցի շրջանակներում կայացած հանդիպումների մասին համապատասխան հաղորդագրություններով հանրային տեղեկացվել է»:
Ուշագրավ է մեկ այլ դրվագ ևս: Նախկինում Հայաստան եկած բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես երկրների ղեկավարների այցերի լուսաբանման ժամանակ հատուկ շեշտադրվում էր նրանց այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հատուկ ռեպորտաժներ էին պատրաստվում: Այս անգամ վարչապետի պաշտոնական կայքում ընդամենը նշված է, որ «Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»: Մի փոքր ավելի «առատաձեռն» էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը, որի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ։ Այս «խաչասերման» հետեւանքով պետք է առաջանա Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջը։ Միավորման արդյունքում Դիլիջանի պետական քոլեջի շենքը կհանձնվի պետգույքի կառավարման վարչությանը, որը եւ կլուծի գույքի ճակատագիրը, իսկ, որպես կանոն, կոմիտեին հանձնված գույքը դրվում է աճուրդի ու վաճառվում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է վճարել հաղորդավարներ Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար։ «Հրաչուհի Ութմազյան» եւ «Համլետ Առաքելյան» ԱՁ-ները Հ1-ի հետ կնքել են առքուվաճառքի պայմանագիր, ծառայության դիմաց Հ1-ը նրանցից յուրաքանչյուրին վճարել է 105 հազար դրամ։ Գումարը վճարվել է որպես գնված ծառայության դիմաց վճարում, այլ ոչ թե աշխատանքի վարձատրություն: