22.11.2024
Իշխանությունը միայն մի բան է լավ անում` հարմարավետ տեղավորվում Ադրբեջանի քաղաքական գծի մեջ
prev Նախորդ նորություն

Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս եւ հարակից համայնքների բնակիչներին խոստացել էր վերադառնալ ու լսել նրանց առաջարկները։ Մարտի 18-ին Փաշինյանն առաջին անգամ այցելել էր այդ համայնքներ եւ փակ հանդիպումների ժամանակ գուժել միակողմանի զիջումների մասին՝ սպառնալով, որ պատերազմ կլինի, եթե զիջումների չգնանք: Անգամ կոնկրետացրել` շաբաթվա վերջին պատերազմ կսկսվի: Ոսկեպարցիներից մեկը երեկ մեզ ասաց, որ իրենք անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին եւ եթե նախորդ անգամ թույլ չեն տվել, որ բոլոր ցանկացողները մասնակցեն հանդիպմանն ու իրեն ուղղված հայհոյանքներն ուղիղ իր երեսին ասեն, այս անգամ ոչ ոք չի կարողանալու իրենց դեմն առնել։ Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել էր։ Նազելի Բաղդասարյանը, իր բնույթին համապատասխան, չպատասխանեց մեր զանգերին։ Եվ չնայած տավուշցիներին խոստացել է, որ գալու է ու լսի ժողովրդի կարծիքը, սակայն վարչախումբն անթաքույց ռեպրեսիաներ է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են Տավուշից հող հանձնելու հետ կապված դիմադրության օջախներ ձեւավորել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ եւ ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար: Նախ Պետական պահպանության ծառայությունը՝ ՊՊԾ-ն առանձնացրեց ԱԱԾ-ից ու դարձրեց իրեն ենթարկվող կառույց: Հիմա էլ որոշել է ծառայության համար զարգացման հնգամյա ռազմավարություն եւ դրանից բխող միջոցառումների ծրագիր կազմել, եւ այս նպատակով շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա այդ գործառույթը լիազորել վարչապետին: Իսկ ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, նախագծում այսպիսի հիմնավորում է ներկայացվել․ «Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից:  Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ Ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում՝ այդ բացերը լրացնելու համար, եւ շարունակաբար կատարելագործում է, թե՛ Ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե՛ իր զինծառայողների մասնագիտական կարողությունները: Ծառայության շարունակական կատարելագործման եւ թիրախային բարեփոխումների իրականացման համար հրամայական է հստակ բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող միջոցառումների ծրագրի առկայությունը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնացել էր Գյումրի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները: Փաշինյանի ավտոշարասյանը վարորդները մեքենայի ձայնային ազդանշաններով ու սուլոցներով են ուղեկցել: Նախ այդ օրը Գյումրու կենտրոնական փողոցները փակ են եղել, Փաշինյանի գալու առիթով պարեկները Գյումրիում «կանգնեցրել են» շարժը, ինչը եւս բարկացրել է տեղացիներին, ու այդ պատճառով նաեւ քաղաքացիները եւ պարեկները բախվել են, ընդհարումներ ունեցել: Գյումրիում տեղի էր ունեցել նաեւ ՔՊ նախաձեռնող խմբի նիստը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը Գյումրիում գրեթե նույն սպառնալից ու չհուսադրող հայտարարություններն է արել, ինչ Տավուշում: Ասել է, որ այլընտրանք չունենք, պետք է Ադրբեջանի պահանջած տարածքները տանք, որպեսզի պատերազմ չլինի: Միեւնույն ժամանակ նա երաշխիք չի էլ տվել, որ եթե Ադրբեջանի հերթական ապօրինի պահանջը կատարենք, ապա պատերազմ չի լինի:»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝ «Նոր ուժ»: Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։ Հայկ Մարությանը դեռ ամիսներ առաջ՝ ավագանու անդամի մանդատից զրկվելուց հետո էր հայտարարել, որ չի հեռանալու քաղաքականությունից, պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իսկ ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ընդգրկված են լինելու ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների մեծամասնությունը՝ Արամ Թորոսյանը, Հովսեփ Կուբաթյանը, Գրիգոր Երիցյանը, Քրիստինա Վարդանյանը եւ այլոք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ որքան էլ անսպասելի է, բայց Իզաբելլա Աբգարյանը չի լինի «Նոր ուժ» կուսակցությունում։ «Ես անպայման աջակցելու եմ իմ թիմակիցներին, բայց ես որեւէ կուսակցության երբեւէ չեմ անդամակցել: Այս փուլում նախընտրում եմ կենտրոնանալ ավագանիում մեր խմբակցության գործունեության եւ քաղաքի խնդիրների վրա»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Ի դեպ, Մարությանի թիմակիցները մեզ հետ զրույցում չբացառեցին նաեւ, որ ինչ-որ փուլում, հնարավոր է, դաշինքի ֆորմատով համագործակցեն «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ, որի կազմով մասնակցեցին ավագանու վերջին ընտրություններին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Ի. Սաղաթելյանը հաստատեց քրեական գործ հարուցելու փաստը՝ նշելով, որ սա հերթական կարված գործն է՝ զուտ քաղաքական հետապնդման նպատակով: «Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է: Ընդամենը ասեմ, որ դրանք անօգուտ քայլեր են, կարծում էի՝ մինչեւ հիմա պետք է դա հասկացած լինեին, բայց պարզվում է` չեն հասկացել: Հոգ չէ, առաջիկայում կհամոզվեն»։  Գործի մանրամասներին չցանկացավ անդրադառնալ: Ի դեպ, քրեական գործեր են հարուցված նաեւ Սաղաթելյանի 2 եղբայրների՝ Նաիրի եւ Գուրգեն Սաղաթելյանների (դիմադրության շարժման ցույցերի ժամանակ քաղաքացի ծեծելու մեղադրանքով) նկատմամբ։ Գործը մտել է դատարան։ Մենք գրել էինք նաեւ, որ Սեւանի քոլեջի տնօրենի պաշտոնից հեռացրել են Սաղաթելյանի քրոջ ամուսնուն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թեեւ ՀՀ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հարուցվել են տարատեսակ քրեական գործեր, սակայն դրանք չեն հաստատվում։ Մասնավորապես, 2021թ. «Սեյրան Խալաթյան» ՍՊԸ-ի տնօրենը Բաղմանյան եղբայրների դեմ հաղորդում տվեց ունեզրկման, մարդու առեւանգման եւ շորթման հատկանիշներով։ Տարիներ անց սույն հաղորդումը չհաստատվեց, օրերս էլ պարզ դարձավ, որ ՍՊԸ տնօրենը բանկերին պարտք է աստղաբաշխական գումարներ։ Հավանաբար, հեղափոխությունից հետո հարմար առիթ էր նախկինների մեջ մեղավոր փնտրել եւ պարտքերը «գրել» նրա վրա։ Իրականում նա պարտքեր է կուտակել, եւ չի բացառվում՝ դրա պատճառով է ողջ պրոցեսը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը թիկնապահից դարձել է պետական արարողակարգի ղեկավար՝ չունենալով դիվանագիտական կրթություն, փորձում է 44 պետությունները ներկայացնող պատվավոր հյուպատոսների հետ անտեղի սրել հարաբերությունները: Նա նամակներ է ուղարկում ոստիկանություն, որպեսզի ստուգման ենթարկվեն պատվավոր հյուպատոսների կողմից շահագործվող՝ կարմիր համարանիշներով մեքենաները: Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր ճանաչել՝ ըստ էության խանգարելով հյուպատոսական հիմնարկների բնականոն աշխատանքը, անտեսելով Վիեննայի կոնվենցիան հյուպատոսական կապերի մասին եւ ֆակուլտատիվ արձանագրությունները: Նկատենք, որ պաշտոնային ոչ հարիր այդ պահվածը ազդելու է Հայաստանի Հանրապետության կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գագիկ Վանոյանը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է։ Ֆիզկուլտուրնիկ, թիկնապահ եւ դիվանագետ, որը պետք է դիվանագիտական հարաբերություններ պահպանի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Նա տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչներ է հրավիրում ԱԳՆ, ժողովներ կազմակերպում, փորձում իր կողմից կատարված անտրամաբանական քայլերը արդարացնել եւ Արդարադատության նախարարության միջոցով օրինագիծ մշակել: Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ պատվավոր հյուպատոսներին պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգին առնչվող դրույթներ, սահմանել վերջիններիս հատկացվող հաշվառման համարանիշերի տեսակները՝ հստակ կանոնակարգելով, որ վերջիններիս տրանսպորտային միջոցներին հատկացվելու են լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր, ընդ որում՝ յուրաքանչյուր պատվավոր հյուպատոսի մասով հատկացվելու է մեկական կարմիր հիմնագույնի համարանիշ, եւ այնպես անել, որ վատթարանա հյուպատոսական հիմնարկների աշխատանքը:


Վերջում հիշեցնենք Վիեննայի կոնվենցիան՝ հյուպատոսական կապերի մասին, եւ ֆակուլտատիվ արձանագրությունները.


1. ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ՝ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ.
Կատարված է Վիեննայում 1963 թվականի ապրիլի 24-ին (Հոդված 72) ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼԸ


1. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառելիս նստավայր պետությունը չպետք է խտրականություն ցուցաբերի տարբեր պետությունների նկատմամբ (մի պետության ներկայացուցիչներին տրամադրում են 100-ից ավելի համարանիշներ, իսկ 44 պետություն ներկայացնող պատվավոր հյուպատոսներին՝ ընդամենը 2-ական համարանիշ, հիմա էլ ուզում են դարձնել 1 համարանիշ՝ խանգարելով հյուպատոսական հիմնարկների բնականոն աշխատանքը)։ Նշենք նաեւ, որ 2018թ. այս բազմաթիվ պատվավոր հյուպատոսները միացան հեղափոխությանը, բայց խաբվեցին նաեւ նրանք»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով կարող է նոր պաշտոնի նշանակվել։ Համալսարանում խոսում են, որ Գալոյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ով ներկայում ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարողն է, Գալոյանին ուզում է նշանակել համալսարանի ենթակայությամբ գործող ստորաբաժանման ղեկավար: Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ Հախվերդյանն է: Այս տեղեկությունը փորձեցինք նախ ճշտել Դավիթ Հախվերդյանից, սակայն պարզվեց՝ Հռոմի պապի հետ ավելի հեշտ է կապ հաստատել, քան Հախվերդյանի․ նա շուրջ 3 օր մեր հեռախոսազանգերին եւ նամակներին չպատասխանեց: Դե, իսկ Դիանա Գալոյանը վերջին սկանդալներից եւ հրաժարականից հետո է անհասանելի դարձել` նախկինում սիրով պատասխանում էր լրագրողների հարցերին։