Սեպտեմբերի 2-ը ինձ մոտ շատ ծանր տպավորություն թողեց: Մի կողմից, իշխանության ուրացումը, մյուս կողմից՝ տիտղոսային ընդդիմության «Վերադարձ»-ի բլեֆը: Ուրացումն ու պատրանքը հավասարաչափ վտանգավոր են պետականության համար. մի կողմից, խարխլվում է պետության ինստիտուցիոնալ հիշողությունը, ժառանգականությունը, մյուս կողմից՝ ռազմավարական մտածողությունը զոհաբերվում է պատրանքներին, միֆերին: Փաշինյանի ուրացման, Արցախի գերեզմանափոր լինելու մասին երեկ հանգամանալից խոսել եմ, իսկ ի՞նչ է խորհրդարանական ընդդիմության հռչակած «Վերադարձը»: Քաղաքական ծրագի՞ր է: Բայց որտե՞ղ եք տեսել քաղաքական ծրագիր՝ առանց ռեալիստական հենքի: Արցախի մեր հայրենակիցների վերադարձ հնարավոր է երեք պարագայում. Եթե Հայաստանը նոր պատերազմում հաղթի Ադրբեջանին: Պատերազմի թեզն ինքնին վտանգավոր է՝ տեղավորվելով անիրական ֆանտազիայի դաշտում: Եթե գործեն միջազգային ամուր երաշխիքներ: Սա բացարձակապես անիրական մի բան է տուրբուլենտ աշխարհի պայմաններում և հետո՝ Ռուսաստանը կամ Արևմուտքը, հանուն արցախցիների, որևէ բան Ադրբեջանին պարտադրելու ռազմավարական շահ չունեն: Եթե արցախցիները համաձայնեն վերադառնալ Ալիևի պայմաններով: Եթե այդպիսի հնարավորություն լիներ, այդ մարդիկ մեկ տարի առաջ ստիպված չէին լինի հեռանալ իրենց հայրենիքից: Փաշինյանի ուրացման քաղաքականությունը Հայաստանը դարձնելու է ադրբեջանական ենթապետություն, ոմանց «ռոմանտիկան» սպանելու է քաղաքական հասարակությունը, այլ խոսքով՝ պետությունը: Երկրին քաղաքական նոր բովանդակություն է պետք՝ քաղաքակրթական վերածնունդ: Այս դաշտում եմ տեսնում իմ և թիմակիցներիս առաքելությունը: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց