Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում այժմ աշխատող մասնագիտացված խումբը։ Սակայն առավել ուշագրավ զարգացումներ են տեղեկատվական տիրույթում, որտեղ Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման այս պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը: "Եթե Բաքվի բարբարոսսկան վարչախումբն ակնհայտորեն վախենում է սեփական «խոսող գլուխների» մակարդակում թիրախավորել Իրանը, ապա հենց վերջինիս և իսրայելական ծպտյալ աջակցությամբ նկատելիորեն ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում՝ փորձելով ազդել հասարակական տրամադրությունների վրա և սերմանել ներքին անկայունության ու խառնաշփոթի մթնոլորտ։ Իզուր չէ, որ Իրանի ազգային շահերի տիրույթում գործող կարծիքի առաջնորդ վերլուծաբաններից նաև ուղղակի կոչ է հնչում, այս ամենը հաշվի առնելով, չեզոքացնելու հակաիրանական այդ ցանցը, որն, ի դեպ, ըստ իրավիճակի գործում է նաև հակահայկականության տիրույթում",- գրել է Ոսկանյանը։