14.05.2025
Լուսանկարը` Տիգրան Աբրահամյանի արխիվից
prev Նախորդ նորություն

Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ Մամուլ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է․


«Նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակում էինք արել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի «ախրաննիկներից» մեկը ներկա է լինում ԲԴԽ նիստերին։ Օրինակ, դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով նիստի ողջ ընթացքում Անդրեասյանի թիկնապահը ներկա էր դահլիճում: Մեր հրապարակումից հետո Անդրեասյանը հեռացրեց թիկնապահին։


Անդրեասյանին փոխարինած ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը վերականգնել է Անդրեասյանի հիմնադրած ավանդույթը եւ թիկնապահներից մեկին կրկին ետ է բերել նիստերի դահլիճ։ Նախօրեին նրան նկատել էինք դատավորների վերաբերյալ կարգապահական նիստերի քննության ժամանակ:


Ուշագրավն այն է, որ նիստերի դահլիճ մուտք գործելուց առաջ ԲԴԽ-ի անցակետում տեղը տեղին ստուգում են մուտք գործողներին, խուզարկում նրանց պայուսակների պարունակությունը, հետաքրքիր է՝ ինչից կամ ումից է պաշտպանվում ԲԴԽ նախագահը։


«Հրապարակ»-ի լրագրողը նկատել է նաեւ, որ Աթաբեկյանի ախրանան հսկում է նաեւ այն մուտքը, որտեղ հավաքված էին նախագահն ու անդամները։ Բացի այդ, թիկնապահներին կարելի է նկատել նաև շենքի միջանցքներում և այլ տարածքներում»:


 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի շուրջ մթնոլորտը ակնհայտորեն թեժանում է։ 2 օր Ազգային ժողովում իր տարեկան հաղորդումը ներկայացնող դատախազ Վարդապետյանը կտրուկ ու չոր պատասխաններ տվեց՝ հարուցելով ՔՊ-ականների դժգոհությունը և դառնալով նրանց համար նոր թիրախ:


«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ի ներսում խմորումները գնալով բունտի են վերածվում։


Պատգամավորները դժգհում են, որ դատախազը ոչ մի պատգամավորի կոնկրետ հարցի շոշափելի պատասխան չի տվել։


Ավելին՝ նրա չոր, նույնիսկ արհամարհական ոճն այնքան է բարկացրել ՔՊ պատգամավորներին, որ երեկ՝ երեկոյան, ՔՊ տարբեր սենյակներում Վարդապետյանի պահվածքն ակտիվ քննարկման թեմա էր:


Ոմանք նույնիսկ ակնարկում էին, որ դատախազի պաշտոնում Վարդապետյանի պաշտոնավարումը ցանկանում են կասեցնել. կա՛մ կհասնեն այնտեղ, որ նա
«sms ստանա» և հեռանա «ինքնակամ» կա՛մ էլ դատախազին անվստահություն հայտնելու հարցը կբարձրացնեն:


«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանից փորձեց պարզաբանումներ ստանալ ՔՊ-ականների նման տրամադրությունների վերաբերյալ, թե որքանով են լուրջ դրանք, սակայն նա, ինչպես միշտ, խիստ զուսպ էր: «Նման բան չկա», – արձագանքեց Մանավազյանը՝ մեր հարցին ի պատասխան»։


 

Պետությունը բանակի մարտունակության հիմքում տեսնում է միայն ֆինանսներ
Հաջորդ նորություն next