VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է․ Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող սպառնալիքներն անհանգստացրել են Նիկոլ Փաշինյանին, որն օրեր առաջ գործադիր եւ օրենսդիր մարմինների պաշտոնյաների մասնակցությամբ Իջեւանում քննարկում էր կազմակերպել, առաջարկել լուծումներ մատնանշել՝ ՀՀ տնտեսությանը սպասվող ծանր հարվածից դուրս գալու վերաբերյալ, ասելով, որ չեն կարող հետքայլ անել եւ հրաժարվել ԵՄ-ի նախագիծն ընդունելուց։ Տեղեկացանք, սակայն, որ երկուշաբթի մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, այդուհանդերձ, ԵՄ-ին անդամակցելու մասին նախագիծը չի ընդգրկվել, թեպետ անցած տարեվերջից այն խորհրդարանում է։ Ի դեպ, իշխանական ֆրակցիայում կա պատգամավորների ստվար զանգված, որը դեմ է այդ նախագծի ընդունմանը՝ համարելով «արկածախնդրություն՝ վտանգավոր հետեւանքներով», ի դեպ, նախագծի տեքստը զվարճանքի թեմա է դարձել ՔՊ-ում, ասում են՝ ապշած են Եվրոպա շտապողների անգրագիտության եւ պարզունակության մակարդակից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորները դիմել են ՔՊ խմբակցության ղեկավարությանը՝ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու համար: Ակնհայտ է՝ որքան էլ ՔՊ-ականներն առերեւույթ ցույց տան, թե ամեն բան նորմալ է, եւ մեր երկիրն էլ սկանդինավյան երկրների պես խաղաղ ու անհոգ է, իսկ Փաշինյանն էլ պնդի, թե կյանքը եռում է, միեւնույնն է՝ իշխանականներն իրենց ներսում բաց հարցեր ու անհանգստություններ ունեն: Ալիեւի սպառնալիքները սառը ցնցուղ էին ոչ միայն հայ հանրության, այլեւ պատգամավորների մեծ մասի համար. ի վերջո՝ Փաշինյանը իրենց վստահեցրել էր, որ երանելի խաղաղություն են կառուցում, բայց, փաստորեն, փուչիկ է այդ թեզը, որը պայթեցրեց Ալիեւը:
ԵՄ անդամության հարցը եւս օդում կախված է: Փաշինյանը մեկ հայտարարեց, թե հանրաքվե չի լինելու, Հայաստանը կմոտենա ԵՄ-ին այնքան, ինչքան թույլ կտա ԵՄ-ն, իսկ հիմա լրիվ հակառակն է անում. Կառավարության նիստում է հարցը քննարկում, ասում, թե 50 հազար հոգին՝ ստորագրող հանրությունը պետք է որոշի ՀՀ եվրոպական ապագան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ահա այս հարցերն ու ներթիմային «ռազբորկաները» պարզաբանելու նպատակով ՔՊ-ականները Փաշինյանի հետ ցանկանում են հանդիպում ունենալ, իսկ թե երբ կկայանա այն, երբ Փաշինյանը կգնա խորհրդարան, որոշված չէ, ՔՊ-ականները սպասում են խմբակցության ղեկավարի պատասխանին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են իրականացնում՝ միասնական ճակատ ձեւավորելու նպատակով, խոսքը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, ՀԱԿ-ի, Սուրեն Սուրենյանցի մասին է։ Որոշները շտապել էին հերքել, թե չկա նման ֆորմատ, սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում պահել հնարավոր չէ։ ՀԱԿ նախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ միացավ Հայկ Մարությանի կազմակերպած՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային, Մարությանի հետ հաջորդ ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցին, իհարկե, ուղիղ պատասխան չտվեց՝ ասելով, թե նախընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ են: Սակայն հարցին՝ արդյո՞ք բացառում է Մարությանի հետ համագործակցությունը, բառացիորեն պատասխանեց. «Ինչո՞ւ պիտի բացառեմ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս միավորումը կյանքի կոչելու հարցում ամենաշահագրգիռը հենց ՀԱԿ-ն է, որի անունից բանակցում է Լեւոն Զուրաբյանը, սակայն ամիսներ տեւած կոնսուլտացիաները մինչ օրս արդյունք չեն տվել, քանի որ թե՛ Թաթոյանը, թե՛ Մարությանը մեծ ամբիցիաներ ունեն։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան, նրան հեռացրել են նաեւ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից, փոխարինել նորաթուխ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանով, որը վարչապետի նախկին խորհրդականն էր։ Բանն այն է, որ Աղազարյանը ՔՊ քվոտայով էր ընդգրկված սույն հանձնաժողովի կազմում, ՔՊ-ից հեռացվելուց հետո նրան «իգնոր» են արել նաեւ բոլոր միջազգային պատվիրակություններում, որոնցում ընդգրկված էր։ Ի դեպ, չնայած Աղազարյանի փաստաբանը հայտարարում էր, որ հունվարի 20-ին մեկնարկող ԱԺ նիստերին գլխավոր դատախազն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ հնարավոր է մտնի ԱԺ, սակայն երեկվա դրությամբ օրենսդիրները չէին ստացել նման միջնորդություն, ավելին, մեզ ասացին, որ մոտ ամիսուկես է՝ Աղազարյանին նաեւ իրավապահներն են հանգիստ թողել, մինչդեռ մանդատը վայր դնելու Փաշինյանի հորդորից հետո շաբաթվա բոլոր օրերին կանչում էին տարբեր վարույթներով հարցաքննության՝ փորձելով այդ ճանապարհով ճնշել նրան։ Իսկ Արգիշտի Քյարամյանի գործն ընդհանրապես փակուղի է մտել, որեւէ ապացույց չի գտնվել, որով կհաստատվի ՔԿ նախկին ղեկավարի այն մեղադրանքը, թե Աղազարյանը միջնորդել է իր որդու վերաբերյալ քրեական գործով։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ ընդհանրապես անհաղորդ է ներհայաստանյան անցուդարձին եւ, որպես կանոն, ծպտուն չի հանում կարեւորագույն իրադարձությունների մասին, կա՛մ էլ, ինչպես հայտնի ասույթն է ասում, լավ պահերը մի քանի անգամ է կրկնում։ Երեկ նախագահական նստավայրում ընդունելով ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին՝ նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը: Սա՝ այն դեպքում, երբ նախագահը հունվարի 12-ին՝ Դատական իշխանության օրվա հանդիսավոր միջոցառմանն անձամբ մասնակցել է ու հանդես եկել ելույթով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմինները լծված են իշխանության յուրացման գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբորը՝ Սերոբ Գասպարյանին եւ մյուս մեղադրյալներին կալանքի տակ պահելու գործին։ Այսօր պարզ կլինի՝ դատարանը բավարարե՞լ է նախաքննական մարմնի հերթական միջնորդությունը, եւ Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի: Քրեական գործով անցնող մյուս մեղադրյալների մասով եւս նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։ Նշենք, որ Սերոբ Գասպարյանի կալանքը 2 անգամ երկարաձգվել է. վերջին անգամ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին դատարանը նրա կալանքը մեկ ամսով երկարաձգեց։ Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նրանց որոնում են արդեն շուրջ 4 ամիս»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն առեւտրական գործունեության հարկը 5%-ից բարձրացավ 10%-ի, այլեւ ոսկի վաճառողը այսուհետեւ պետք է ներկայացնի ապրանքի ձեռքբերման աղբյուրը հավաստող փաստաթղթեր։ Օրինակ՝ այսուհետեւ տատիկն իր ոսկե քյամարը պետք է, ըստ երեւույթին, գույքագրի, ապա կտակով փոխանցի ժառանգին։ Կամ որ ավելի վատ է, քավորը նվեր ոսկեղենը կնոջ հետ պարեցնելու հետ մեկտեղ պետք է պարեցնի նաեւ ոսկու գնման հիմքը՝ փաստաթուղթը։ Օրերս ոսկերիչները եւ ոսկեվաճառները իրենց բողոքի ձայնը բարձրացրին Կառավարության առջեւ, որը, սակայն, մնաց անպատասխան եւ անարձագանք։
Ոսկերիչների առաջ դրվել է ոչ միայն ֆակտուրա ներկայացնելու պահանջ, այլեւ մի շարք այլ դրույթներ եւս, որոնց մասին «Ոսկու շուկայի» մի մասն իրազեկվել է, մի մասը՝ ոչ։ Իրազեկման թերթիկում ասվում է. «Իրազեկում 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխությունների մասին. Առեւտրական գործունեության հարկը 5%-ից փոխվում է 10%-ի։ Այսպիսով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը նվազեցվում են միայն ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնված ծախսերի 4%-ը, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ փաստաթղթերով հիմնված բոլոր ծախսերի 9.5%-ը, իսկ շրջանառության 1.5%-ի փոխարեն՝ 1%-ը»։
Այս օրենքի փոփոխությամբ՝ այն կազմակերպությունները, որոնց ապրանքների ձեռքբերումները 2024 թ. ընթացքում կազմել են մինչեւ 24 միլիոն դրամ գումար, նրանք պետք է 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կատարեն գույքագրում ապրանքների փաստացի առկայության մասին։ Հաջորդիվ հարկային տեսչական մարմինն իրավունք է ունենալու այցելելու եւ ստուգելու ապրանքային շարժը, որը մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը իրավունք չուներ։ Փաստացի ստուգման պահին ապրանքային մնացորդները եթե տարբերություն տան, ոսկեվաճառները կտուգանվեն: Այսինքն՝ ոսկեղենի բոլոր տեսակները պետք է գրանցված լինեն եւ ունենան ձեռքբերման փաստաթուղթ: Եթե չունենան, հաշվարկված գումարի 20%-ի չափով վճարվելու է տուգանք, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելու դեպքում՝ 50%-ի չափով տուգանք։ Նկատենք, որ երբ ապրանքային մնացորդները ստուգեն, պակաս լինելու դեպքում՝ կդիտվի թաքցված վաճառք, եւ կհաշվարկվի շրջանառության հարկ կամ տույժ։ Ստացվում է, որ տատիկի քյամարը եւ քավորի ոսկյա նվերը այլեւս ոչ մի ոսկերիչ կամ «ոսկի առնեմ», «ոսկի՞ եք վաճառում» բղավող շուկայում չի գնի՝ առանց ձեռքբերման հավաստման փաստաթղթի։ Նման կերպ Կառավարությունը փորձում է, ինչպես տնտեսվարողներն են ասում, մանր եւ միջին բիզնեսի վերջը տալ, ասել է թե՝ ոլորտը դարձնել օլիգարխիկ մոնոպոլիստների, խոշորների զբաղմունքը»: