Վերջին ժամանակներս Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է։ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը և ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մտադրության մասին հայտարարությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ։ Հայտնի ռուս քաղաքագետ, «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի գիտական ղեկավար Դմիտրի Տրենինը VERELQ-ին տված բացառիկ հարցազրույցում վերլուծում է ներկա իրավիճակը տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարության ներկայիս ուղղությունը չի կարելի անվանել բազմավեկտոր. դա հետևողական շարժում է դեպի արևմուտք, որը սկսվել է դեռևս 2018 թվականից։ Տրենինը կարծում է, որ Ռուսաստանի կողմից աջակցության բացակայության մասին հայտարարությունները միայն որպես արևմտամետ ուղղության հիմնավորում են օգտագործվում։ Փորձագետը նախազգուշացնում է, որ Հայաստանը վտանգավոր իրավիճակում է հայտնվելու՝ կորցնելով Ռուսաստանի հետ դաշինքի առավելությունները՝ առանց Արևմուտքի կողմից համարժեք փոխհատուցման։ Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի ձգտում պահպանել հավասարակշռություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այլ նպատակաուղղված կերպով երկիրը տանում է արևմտյան ճամբար։
Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի (խարտիայի) ստորագրումը։ Ի՞նչ ռիսկեր և հնարավորություններ է դա բացում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար՝ ռուսական քաղաքականության տեսանկյունից։
Պատասխան. Սա կարևոր քայլ է արդեն հարթված ճանապարհով։ Վարչապետ Փաշինյանը հետևողականորեն տանում է Հայաստանը դեպի արևմուտք։
Հարց. Կարելի՞ է դիտարկել Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման հետևանք, հատկապես ՀԱՊԿ-ի կողմից Երևանին օգնություն չցուցաբերելու համատեքստում, ինչպես հայտարարում են հայկական իշխանությունները։
Պատասխան. Կարծում եմ՝ ամեն ինչ հակառակն է։ «Հարձակումները» Ռուսաստանի վրա արևմտամետ ուղղության հիմնավորումն են։ Իբր թե ոչ թե մենք ենք հեռանում Ռուսաստանից, այլ նա է մեզ լքել։
Հարց. Ձեր կարծիքով, որո՞նք են այն հիմնական աշխարհաքաղաքական պատճառները, որոնք դրդել են Հայաստանին նոր ռազմավարական գործընկերություն փնտրել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, և ինչպե՞ս կարող է դա ազդել տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի վրա։
Պատասխան. Պատճառները, իմ կարծիքով, ոչ թե աշխարհաքաղաքական, այլ քաղաքական և գաղափարախոսական բնույթ են կրում։ Ուղղությունը սկսեց ձևավորվել 2018 թվականից, երբ Փաշինյանը եկավ իշխանության։ Նրան պետք էր՝ կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով (որն, իհարկե, կար) ոչնչացնել ղարաբաղյան կլանը՝ որպես հզոր մրցակցի։ Իսկ նրա (և նրա թիմի) արտաքին հովանավորներին պետք էր Հայաստանը դուրս մղել ռուսական ուղեծրից և սկսել արտաքին քաղաքականություն կառուցել «մաքուր էջից»։ Շատ օգնեց երկրորդ ղարաբաղյան պատերազմը։ Այն թաղեց «պատմական Հայաստանը» և ճանապարհ հարթեց դեպի արևմուտք։ Ակնհայտ է, որ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից։
Հարց. Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և ձևականորեն մտնում է ՀԱՊԿ-ի մեջ, բայց միևնույն ժամանակ շարժվում է դեպի ԵՄ-ի հետ ինտեգրացիա և ամրապնդում կապերը ԱՄՆ-ի հետ։ Ձեր կարծիքով, որքա՞ն երկար կարող է շարունակվել նման բազմավեկտոր քաղաքականությունը։
Պատասխան. Սա բազմավեկտոր քաղաքականություն չէ, այլ անցում միանշանակ արևմտյան կողմնորոշման։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն արդեն ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցելու ձգտման մասին հայտարարությունը նշանակում է նրա դուրս գալու սկիզբը ԵԱՏՄ-ից. միաժամանակյա անդամակցությունը երկու կազմակերպություններում տեխնիկապես անհնար է։ Կանխատեսումներ անել չեմ ուզում, բայց ես զգացողություն ունեմ, որ Հայաստանը գտնվում է շատ վտանգավոր վիճակում՝ կորցնելով այն առավելությունները, որ տալիս էր Ռուսաստանի հետ դաշինքը՝ առանց այդ առավելությունների փոխհատուցման Արևմուտքի կողմից։ Ռուսաստանի հեռացումը Հայաստանից, եթե դա տեղի ունենա, ցավոտ կհարվածի երկրի տնտեսությանը և նրա բնակչությանը։ Երևանի իշխանությունները ստիպված կլինեն տնտեսական դժվարությունները փոխհատուցել հակառուսական և արևմտամետ քարոզչությամբ։
Հարց. Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտում, ներառյալ համատեղ զորավարժությունները։ Ինչպե՞ս կարող է դա ազդել ռուս-հայկական ռազմական համագործակցության և Գյումրիում ռուսական ռազմական բազայի ներկայության վրա։
Պատասխան. Կանխատեսումներ չեմ անի, բայց ինձ թվում է, որ հավասարակշռությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև Փաշինյանին չի հաջողվի պահպանել։ Եվ դժվար թե դա լինի նրա քաղաքականության նպատակը։ Նա ձգտում է Հայաստանը բերել արևմտյան ճամբար։
Հարց. Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը արձագանքել Հայաստանի հետագա հեռացմանը։ Ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել վստահության վերականգնման և երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար։
Պատասխան. Վստահության վերականգնումը հնարավոր է նրանց հետ, ում հետ վստահելի հարաբերություններն սկզբունքորեն հնարավոր են։ Ռուսաստանը «ընդունեց» Փաշինյանին, չնայած Պուտինի և Քոչարյանի միջև սերտ անձնական հարաբերություններին, և փորձում էր հարաբերություններ կառուցել նրա հետ՝ չմիջամտելով Հայաստանի ներքին գործերին։ Հիմա Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ վստահություն, ինչպես ինձ թվում է, չի մնացել։