28.04.2025
Վրաստանը և Ռուսաստանն ընդլայնում են ավիաչվերթների աշխարհագրությունը
16.04.2015
Վրաստանը և Ռուսաստանն ընդլայնում են ավիաչվերթների աշխարհագրությունը

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի ավիացիոն ոլորտի ղեկավարները համաձայնության են եկել երկու երկրների միջև ուղիղ ավիափոխադրումների ընդլայնման մասին այս շաբաթ ընթացող բանակցությունների արդյունքում: Ռուսաստանը դադարեցրել էր Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթները 2006թ.-ի հոկտեմբերին, ինչին նախորդել էր երկրների միջև ծագած լրտեսական սկանդալը: Ավիափոխադրումները վերականգնվել էին 2008թ.-ի մարտին, սակայն շուտով կրկին ընդհատվել են օգոստոսյան պատերազմի հետևանքով: 2010թ.-ի ամռանը «Վրացական ավիաուղիները» և ռուսական «Սիբիր» ընկերությունը սկսել են ավիափոխադրումներ իրականացնել, որոնք կոչվում էին չարտերային, սակայն կրում էին ռեգուլյար բնույթ: Երկրների միջև մշտական ավիափոխադրումները վերսկսվել են 2014թ.-ի հոկտեմբերին, սակայն միայն Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ, հայտնում է apsny.ge կայքը: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ համաձայնության արդյունքում վրացական ավիաընկերությունները Մոսկվայից բացի կկարողանան չվերթներ իրականացնել նաև Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Եկատերենբուրգ, Սոչի, Դոնի Ռոստով և Մինվոդի: «Վրացական ավիաուղիները» Թբիլիսիի և Սանկտ-Պետերբուրգի միջև առաջին չվերթը իրականացրել է ապրիլի 10-ին: Georgian Airways ընկերությունը յոթ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ապրիլի 10-ին իրականացրել է Թբիլիսի-Սանկտ-Պետերբուրդ-Թբիլիսի չվերթը: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իասե Զաուտաշվիլին: Այս պահին Վրաստանի ու ՌԴ-ի միջև ավիափոխադրումները իրականացնում է հինգ ընկերություն՝ «Сибирь» (S7 Airlines), «Аэрофлот», «Трансаэро» և «Уральские авиалинии», իսկ վրացական կողմից՝ Georgian Airways-ը, փոխանցում է georgians.ru կայքը: Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանի թղթակից Գեորգի Կոբալաձեն, Վրաստանում շատ են կարևորում «Аэрофлот» ընկերության վերադարձը, որը երկու-երեք չվերթ է իրականացնելու մոսկովյան ուղղությամբ: Վրացական «Айрзена» ընկերությունը պնդում է, որ չպետք է սահմանափակվել միայն Մոսկվայով, այլ պետք է թռիչքներ իրականացնել ռուսական այլ քաղաքներ: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նշել է, որ ավիաչվերթների իրականացումը դրական քայլ է երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նա նշել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ուղիղ չվերթները կավելացնեն զբոսաշրջիկների թիվը Ռուսաստանից: