Թուրքիան չի ընդունում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովում ընդունված և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի՝ Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումը դատապարտող բանաձևը:
Թուրքական «Հյուրրիյեթ»-ի հաղորդմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն բանաձևը համարել է սուբյեկտիվ և իրականությունը խեղաթյուրող: Ըստ թուրքական կողմի՝ ԱՄՆ-ն շտապել է բանաձևի ընդունման հարցում՝ չուսումնասիրելով խնդրի բոլոր կողմերը:
Հիշեցնենք, մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեպսանատան առջեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ խաղաղ ակցիայի ընթացքում վերջինի կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա։ Նշվում է, որ հարձակվողների թվում են եղել նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահները։ Բախումների հետեւանքով 11 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկան։ Նրանցից 9-ը հիվանդանոց են տեղափոխվել։ Ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել։
Բացի այս, Թուրքիան նաև մեղադրել է Վաշինգտոնին միջադեպին ընդառաջ անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու համար՝ պնդելով, որ նրանք բազմիցս զգուշացրել են ամերիկյան կողմին հնարավոր սադրանքների մասին:
«Մենք մինչ այս պահը չունենք այն հարցերի պատասխանը, թե ինչու մեր ամերիկացի գործընկերները չձեռնարկեցին անվտանգության խիստ միջոցառումներ այնպես, ինչպես դա արել են մեր նախագահի մյուս այցելությունների ժամանակ», - հայտարարել է Մյուֆթուօղլուն:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրես Թուրքիային դատապարտող բանաձեւ է ներկայացվել՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցուցարարների վրա հարձակման պատճառով։ Բանաձեւը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը։ Փաստաթուղթը քննարկվելու է հանձնաժողովի մայիսի 25-ի նիստում։
Կատարվածի վերաբերյալ իր վրդովմունքն էր հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը՝ կանչելով պարզաբանումների Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան: Ինչպես նշել է Ռեքս Թիլերսոնը Պետքարտուղարությունը տեղի ունեցածն ուղղակի անընդունելի է գնահատել:
Ավելի կոշտ էր արտահայվտել ԱՄՆ սենատոր Սենատոր Ջոն Մաքքեյնը, ով որպես պատասխան քայլ կոչ էր արել արտաքսել Թուրքիայի դեսպանին: Fox News-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը՝ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, նա ասել էր. «Դրանք նրա մարդիկ էին, Էրդողանի մարդիկ այնտեղ էին ուղարկվել՝ ցուցարարներին դիմակայելու համար։ Սա Ամերիկան չէ»։