Վաշինգտոնում ծեծկռտուքի «էխոն». Էրդողանին ԱՄՆ-ը կոնգրեսականը «բռնապետ» է կոչել
24.05.2017
Վաշինգտոնում մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության աշխատակիցներն Էրդողանի աչքի առաջ դաժան ծեծի էին ենթարկել բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձանց, դարձել է Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների համար նոր մարտահրավեր: ԱՄն-ում չեն դադարում հնչել մեղադրանքների Թուրքիայի ու անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդաղանի հասցեին՝ անվանելով նրան «բռնապետ»:
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Թեդ Պոն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին անվանել է «բռնապետ» ու դատապարտել մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակումը։ «Թուրքիայի նախագահ Էրդողանը կարծես մարդու իրավունքների կոշտ ոտնահարումները իր հետ բերել է այստեղ՝ Վաշինգտոն»,- հայտնել է Պոն Կոնգրեսում իր ելույթի ժամանակ։ Նրա խոսքով երկար տարիներ Էրդողանը հարձակվել է Թուրքիայի ժողովրդավարական կառույցների վրա՝ խախտելով իրավունքի գերակայությունն ու քաղաքացիական ազատությունները։
«Երեքշաբթի մի խումբ խուլիգաններ դաժանաբար հարձակվել են այստեղ՝ Վաշինգտոնում թուրքական դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների վրա։ Գեստապոյական ոճով թիկնապահները ծեծել են խաղաղ ցուցարարներին, նույնիսկ հարվածել գետնին պառկած կնոջը։ Վարքագծի այդ տեսակն անընդունելի է։ Էրդողանը դառնում է թուրք բռնապետ։ Բռնապետի հատկանիշներից մեկն է ընդդիմության բռնի ոչնչացումը։ Նա ցույց է տալիս, որ չի հավատում խոսքի ազատության ու խաղաղ հանրահավաքների ժողովրդավարական սկզբունքներին։ Բայց տիկին խոսնակ, այստեղ մենք չենք հանդուրժի օտարերկրյա բռնակալի, որը անհետեւանք խախտում է սրբազան իրավունքները ամերիկյան հողի վրա»,- հայտնել է նա:
Կատարվածի վերաբերյալ իր վրդովմունքն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղարությունը՝ կանչելով պարզաբանումների Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան: Ինչպես նշել է Ռեքս Թիլերսոնը Պետքարտուղարությունը տեղի ունեցածն ուղղակի անընդունելի է գնահատել: «Ընթանում է քննություն: Մենք կսպասենք և կտեսնենք, ինչ է պարզելու քննությունը: Բայց մենք հայտնել ենք Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ մեր վրդովմունքը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ավելի կոշտ էր արտահայվտել ԱՄՆ սենատոր Սենատոր Ջոն Մաքքեյնը, ով որպես պատասխան քայլ կոչ էր արել արտաքսել Թուրքիայի դեսպանին: Fox News-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը՝ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, նա ասել էր. «Դրանք նրա մարդիկ էին, Էրդողանի մարդիկ այնտեղ էին ուղարկվել՝ ցուցարարներին դիմակայելու համար։ Սա Ամերիկան չէ»։
Մեկնաբանելով Թիլերսոնի խոսքն այն մասին, թե հետաքննություն է տարվում եւ իրենց ավելի շատ տեղեկատվություն է անհրաժեշտ, Մաքքեյնը նկատել է, որ ավելի շատ տեղեկություն անհրաժեշտ չէ, բավական է միայն մեկ անգամ եւս դիտել ծեծկռտուքի տեսագրությունը։
Ավելի վաղ «Ամերիկայի ձայնը» հրապարակել էր տեսանյութ մայիսի 16-ին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղաղ ցուցարարների վրա։ Տեսանյութում երևում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, հրահանգում է իր թիկնապահներին հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։
Միջադեպի ականատես Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով նաեւ հեռարձակել է տեղի ունեցածը Ֆեյսբուք սոցցանցի միջոցով, պատմում է, որ իր տպավորությամբ ցուցարարների վրա հարձակվողները թուրքական անվտանգության աշխատակիցներ էին. «Ես տեսա, թե ինչպես թուրքական կողմի անվտանգության ուժերը հատեցին ոստիկանության գիծն ու հարձակվեցին շրջանում գտնվող ցուցարարների վրա, որոնց թիվը 20-30 հոգի էր»:
Համբարյանի խոսքով, հարձակվողներից մի քանիսը զինված էին, ինչը երեւում է նաեւ տեսագրության վրա: Ոստիկանությունն ավելի ուշ կհայտնի, որ ոստիկանների նախնական զգույշ արձագանքը պայմանավորված էր հենց զենքի առկայությամբ, քանի որ ոստիկանները փորձում էին բացառել հնարավոր հրաձգությունը: Ինչ վերաբերում է ցուցարարներին, ապա նրանց մեծ մասը քրդեր էին, նշում է Արամ Համբարյանը. «Ցուցարարների մեծամասնությունը քուրդ էին, ոմանք սատարում էին Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը, մյուսները՝ պահանջում ազատ արձակել Դեմիրտաշին, կային նաեւ մի քանի հայ եւ քուրդ իրավապաշտպաններ»: