Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը վրդովված է Վաշինգտոնի ծեծկռտուքից
23.05.2017
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետքարտուղարություն՝ քննարկելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության դեպքը:
Այս մասին Foxnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնություններին:
Նա նշել է, որ Պետքարտուղարությունը տեղի ունեցածն ուղղակի անընդունելի է գնահատել: «Ընթանում է քննություն: Մենք կսպասենք և կտեսնենք, ինչ է պարզելու քննությունը: Բայց մենք հայտնել ենք Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ մեր վրդովմունքը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ավելի վաղ «Ամերիկայի ձայնը» հրապարակել էր տեսանյութ մայիսի 16-ին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղաղ ցուցարարների վրա։ Տեսանյութում երևում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, հրահանգում է իր թիկնապահներին հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։
Միջադեպի ականատես Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով նաեւ հեռարձակել է տեղի ունեցածը Ֆեյսբուք սոցցանցի միջոցով, պատմում է, որ իր տպավորությամբ ցուցարարների վրա հարձակվողները թուրքական անվտանգության աշխատակիցներ էին. «Ես տեսա, թե ինչպես թուրքական կողմի անվտանգության ուժերը հատեցին ոստիկանության գիծն ու հարձակվեցին շրջանում գտնվող ցուցարարների վրա, որոնց թիվը 20-30 հոգի էր»:
Համբարյանի խոսքով, հարձակվողներից մի քանիսը զինված էին, ինչը երեւում է նաեւ տեսագրության վրա: Ոստիկանությունն ավելի ուշ կհայտնի, որ ոստիկանների նախնական զգույշ արձագանքը պայմանավորված էր հենց զենքի առկայությամբ, քանի որ ոստիկանները փորձում էին բացառել հնարավոր հրաձգությունը: Ինչ վերաբերում է ցուցարարներին, ապա նրանց մեծ մասը քրդեր էին, նշում է Արամ Համբարյանը.
«Ցուցարարների մեծամասնությունը քուրդ էին, ոմանք սատարում էին Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը, մյուսները՝ պահանջում ազատ արձակել Դեմիրտաշին, կային նաեւ մի քանի հայ եւ քուրդ իրավապաշտպաններ»: