ՀՀ ընտրությունները վստահելի էին՝ չնայած արտաքին միջամտությանը. IRI
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ճանաչել է արդար և արժանահավատ։ Չնայած բարդ աշխարհաքաղաքական միջավայրին և արտաքին տեղեկատվական ճնշումների փորձերին, ընդհանուր քվեարկությունն ընթացել է հանգիստ պայմաններում՝ առանց համակարգային բնույթի խախտումների։
Առաքելության ղեկավար, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ Փիթեր Ռոսկամը երևանյան ասուլիսի ժամանակ նշել է, որ ընտրական գործընթացն ու ձայների հաշվարկը կազմակերպվել են բարձր մակարդակով և գործող օրենսդրությանը համապատասխան։ Մշտադիտարկմանը մասնակցել է յոթ երկրներից ժամանած 23 պատվիրակ. նրանք այցելել են հանրապետության տարբեր համայնքների ավելի քան հարյուր ընտրատեղամասեր՝ արձանագրելով քաղաքական ուժերի և դիտորդների լայն ներգրավվածությունը։
Զեկույցում առանցքային ուշադրություն է դարձվել արտաքին միջամտության գործոնին։ IRI-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի ավագ տնօրեն Սթիվեն Նիքսն ընդգծել է, որ Ռուսաստանը և նրա հետ փոխկապակցված շրջանակները նպատակադրված փորձել են ազդել նախընտրական տրամադրությունների վրա։ Ըստ առաքելության գնահատականի՝ կիրառվել են տնտեսական ճնշման մեխանիզմներ, տարածվել է ապատեղեկատվություն, որը Հայաստանի և Արևմուտքի մերձեցումը ներկայացրել է որպես պատերազմի կամ տնտեսական փլուզման ուղի։ Այս նարատիվներն առաջ մղելու համար ակտիվորեն օգտագործվել են կեղծ սոցիալական հաշիվներ, բոտեր, արհեստական բանականությամբ գեներացված բովանդակություն, որոնք զուգորդվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի վրա կիբերհարձակումներով։
Այդուհանդերձ, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներին հաջողվել է պահպանել գործընթացի ամբողջականությունը՝ հնարավորություն ընձեռելով քաղաքական ուժերին իրականացնել ազատ և անկաշկանդ քարոզարշավ։ Որպես համակարգի հետագա զարգացմանն ուղղված քայլ՝ IRI-ն ներկայացրել է մի շարք առաջարկություններ։ Հիմնական շեշտադրումն արվել է քաղաքական ֆինանսավորման թափանցիկության ապահովման, հայտարարագրերի կեղծման համար պատիժների խստացման և վարչական ռեսուրսի չարաշահման դեմ արդյունավետ պայքարի վրա։ Ինստիտուտի երկարաժամկետ դիտորդները կշարունակեն աշխատանքը Հայաստանում՝ հետևելով հնարավոր դատական վեճերին ու հետընտրական զարգացումներին, իսկ վերջնական ու ամփոփիչ զեկույցը հանրությանը կներկայացվի առաջիկա երկու ամսվա ընթացքում։