Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն անընդունելի է համարում:
Ինչպես հայտնում են ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում մարդու և քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և մեր կողմից որդեգրված արժեքներին: Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, և վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից և մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն հանրությանը: Ես նաև մշտական կապ եմ պահպանում ԼՂՀ առողջապահության նախարարի հետ, ինձ պարբերաբար տեղեկություններ են հաղորդվում պարոն Խանումյանի առողջական վիճակի վերաբերյալ: Հայկ Խանումյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Հիշեցնենք, որ նույն ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը մեկ օր առաջ եւս անդրադարձել էր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին, որը նա ոչ միայն չէր դատապարտել, այլեւ հեգնական տոնով էր արտահայտվել Խանումյանի մասին: «Դրան լավ ճանաչելով, նման զարգացում երևի մի օր պետք է լիներ։ Այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, չի էլ կարող լինել։ Պարզապես նրա պահվածքը, բնավորությունն այնպիսին է, որ միշտ կպնում է ինչ-որ մարդկանց, անպատվում է, պրովոկացիաների է ենթարկում»,-մեկնաբանելով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ լուրը՝ «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։