24.11.2024
Տնտեսական հեղափոխություն, թե՞ զուտ լոզունգներ. փորձագետները չեն հավատում
prev Նախորդ նորություն

Տաս տարվա ընթացում առաջին անգամ պղնձի արտահանումը Հայաստանից զգալի կրճատվել է

Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ՝ 2018 թվականին, պղնձի արտահանումը Հայաստանից կրճատվել է։ Պղինձը Հայաստանի արտահանման կազմում առաջատարն է։ Վերջին տարիներին դրա ծավալներն ավելացել են «կատաղի» տեմպերով։ Եվ միայն նախորդ տարի է, որ անկում է արձանագրվել, գրում է Հետքը։


Մաքսային ծառայության տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 425 հազ. տոննա պղնձի խտանյութ (հանքաքար և խտահանք), որի մաքսային արժեքը կազմել է 525.5 մլն ԱՄՆ դոլար։ 2017 թվականի համեմատ արտահանվող պղնձի քանակը նվազել է 64.4 հազ. տոննայով կամ 13.2 %-ով, իսկ մաքսային արժեքը՝ 61 մլն դոլարով կամ 10.4 %-ով։ Չնայած այն հանգամանքին, որ 2018 թվականի երկրորդ կիսամյակում պղնձի միջազգային գները նվազել են՝ Հայաստանից արտահանվող պղնձի մեկ տոննայի միջին գինն ավելի բարձր է եղել, քան նախորդ տարում։ Մասնավորապես, 2017 թվականին արտահանված պղնձի մեկ տոննայի միջին գինը կազմել է 1999 դոլար, իսկ 2018 թվականին՝ 1237 դոլար։


Պղինձը Հայաստանից արտահանվում է ոչ վերջնական մշակված տեսքով, դրսում այն վերջնական մշակման է ենթարկվում և հայտնվում մետաղների բորսաներում։


Հայաստանից պղնձի արտահանումն աննախադեպ ծավալների է հասել
Վերջին տարիներին, պղնձի արդյունահանման և արտահանման ծավալների աճին զուգահեռ, զգալի հարկային մուտքեր են ապահովվել երկրի բյուջեի համար, մյուս կողմից սակայն՝ ընդերքն է դատարկվել։ Հայաստանը մշտապես փորձել է «հարմարվել» պղնձի միջազգային գների տատանումներին. երբ գները իջել են, կորուստները լրացնելու համար արտահանվող պղնձի քանակն է ավելացրել։ Արտահանվող պղնձի ֆիզիկական ծավալները վերջին տասը տարում 5-6 անգամ աճել են։ Արդյունքում էլ ավելի է մեծացել Հայաստանի տնտեսական կախվածությունը արտաքին գործոններից՝ պղնձի միջազգային գներից և խոշոր սպառողների վարքագծից։


2018 թվականին պղնձի խտանյութի արտահաման ծավալների անկումը սպասելի էր, քանի որ Հայաստանում կրճատվել են արդյունահանման ծավալները։


Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է (արդյունահանվել) 317.4 հազ. տոննա պղնձի խտանյութ, որը 25.9 %-ով զիջում է 2017 թվականի ցուցանիշը։ Նվազել է նաև չզտած պղնձի արտադրությունը։ Այն կազմել է 8.8 հազար տոննա՝ նվազելով 26.7 %-ով։ Հիշեցնենք, որ արտադրության անկումը պայմանավորված է Թեղուտի հանքի շահագործման աշխատանքների դադարեցմամբ։ Հանքը աշխատանքները դադարեցրել է 2018 թվականի փետրվարից։ Այն շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի հարկերը նախորդ տարի եռակի կրճատվել են։


2010-2011 թվականներին պղնձի միջազգային գները ռեկորդային մակարդակի էին հասել՝ հատելով 10 հազար դոլարի շեմը։


Մաքսային ծառայության տվյալներով՝ 2018 թվականին Հայասատանից արտահանված մոտ 425 հազ. տոննա պղնձի խտանյութի 47 %-ն արտահանվել է Բուլղարիա, 23 %-ը՝ Շվեյցարիա, 18.5 %-ը՝ Չինաստան, մոտ 10 %-ը՝ Ռումինիա և փոքր քանակությամբ՝ այլ երկրներ։ Էական աճ կա Ռումինիայի մասով. եթե 2017-ին արտահանվել է մոտ 3 հազար տոննա, ապա 2018-ին՝ 40 հազար տոննա։ 2017-ին Կանադա պղինձ չի արտահանվել, իսկ 2018-ին՝ արտահանվել է 4.6 հազար տոննա։ Աճել է նաև դեպի Շվեյցարիա արտահանումը. 2017-ին՝ 76 հազար տոննա, 2018-ին՝ 99 հազար տոննա։


Զգալի նվազել է դեպի Չինաստան արտահանումը. 2017-ին՝ 100 հազ. տոննա, 2018-ին՝ 78.4 հազ. տոննա։ Ուշագրավ է նաև Վրաստանի ցուցանիշը։ Արտահանված պղնձի միայն 0.5 %-ն է արտահանվել դեպի Վրաստան, կազմել է 2.2 հազար տոննա։ Մինչդեռ նախորդ տարիներին, դեպի Վրաստան ավելի մեծ ծավալով է արտահանում իրականացվել, օրինակ՝ 2017-ին արտահանվել է մոտ 8 հազար տոննա։ Բուլղարիայի մասով տատանումը մեծ չէ։


Հայաստանից արտահանվում է նաև չզտած պղինձ և պղնձի ջարդոն։ 2018 թվականին արտահանվել է 2.5 հազ տոննա պղնձի թափոն և ջարդոն՝ մոտ 10 մլն դոլար մաքսային արժեքով, ինչպես նաև՝ 9 հազար տոննա (2017-ին՝ 12 հազար տոննա) չզտած պղինձ, որի արժեքը կազմել է 58.5 մլն դոլար։ Չզտած պղինձն արտահանվել է Գերմանիա, իսկ ջարդոնը՝ Հոնկոնգ, ԱՄՆ, ՄԹ, ԱՄԷ։