Արցախի ներգրավվածությունը բանակցություններում շատ ծանր քայլ է Բաքվի համար. Քոչարյան
Բաքվի համար Ստեփանակերտի ներգրավվածությունը բանակցություններում շատ ծանր քայլ է: Ադրբեջանն ամեն կերպ ձգտելու է, որ դա չլինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղը որպես լիարժեք բանակցային կողմ նստի բանակցային սեղանի շուրջ, Բաքվի ամբողջ քարոզչական մեքենայի ձողը կքանդվի։
Հետևաբար, ասաց նա, Ադրբեջանը փորձելու է նման զարգացում թույլ չտալ. «Մենք պետք է հետևողական լինենք, որ դա այդ թվում նաև միջազգային հանրության կողմից պարտադրվի Ադրբեջանին», - ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսի՞ն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավման մասով, Շավարշ Քոչարյանը նշեց, որ միջնորդները շատ լավ հասկանում են, որ դա պետք է լինի միայն կողմերի համաձայնությամբ:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:
«Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են, և այսօր, այսպես ասենք, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում։ Պայմանավորվածություններից հրաժարում չկա: Բայց մենք շատ լավ գիտենք՝ ինչու չեն կատարվում պայամանավորվածությունները՝ ադրբեջանական կողմի պատճառով», - ասաց Շավարշ Քոչարյանը։