ԵԱՏՄ-ի կայացման համար հարկավոր է, որ էներգակիրների գները մոտ լինեն. Փաշինյան
Ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Նա հույս է հայտնել, որ 2019-ին կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ՌԴ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ համար:
«Չէ որ, ԵԱՏՄ ստեղծման նպատակը միասնական տնտեսական տարածք ունենալն է: Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, հարկավոր է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր մաս են կազմում արտադրանքի իքնարժեքի կառուցվածքում, լինեն հավասար, մոտ լինեն».-ասել է Փաշինյանը: Ըստ վարչապետի, եթե նույն արտադրանքի ինքնարժեքն էներգակիրների բարձր գների պատճառով Հայաստանում շատ ավելի մեծ լինի, քան, օրինակ, Բելառուսում կամ ՌԴ-ում, դա կհարվածի ԵԱՏՄ էությանը:
«Այս հարցը մենք քննարկում ենք ոչ միայն մեր ռուս գործընկերների հետ, այլ նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական և միջկառավարական խորհրդների նիստերում, ինչպես նաև այլ ձևաչափերում»,-ասել է վարչապետը:
2018-ի դեկտեմբերի 31-ին ավարտվել է գազի գնի վերաբերյալ գործող պայմանագրի ժամկետը, որից հետո ՌԴ-ն բարձրացրել է գազի գինը սահմանին՝ 1000 խմ գազի դիմաց 150 դոլարից մինչև 165 դոլար: Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու:
Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով: