Նախարար. Փոքր սուբյեկտները կազատվեն մինչև 200 եվրո արժողությամբ ապրանքների մաքսավճարից
Փոքր սուբյեկտները կազատվեն մինչև 200 եվրո արժողությամբ ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսավճարից: Ընդ որում՝ առանց քանակական ու ժամկետային որևէ սահմանափակումների: Այս մասին Ազգային Ժողովում այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
«Բացի այդ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է հանել բրոկերային ծառայության պարտադիր պահանջը: Ներկայիս օրենքի շրջանակներում ապրանքների ներմուծման, արտահանման ժամանակ տնտեսավարող սուբյեկտները ստիպված են լինում դիմել բրոկերային ծառայություններին, ինչն առաջացնում է դժվարություններ՝ ուշացումներ, լրացուցիչ ֆինանսական բեռ և այլն»,- պարզաբանել է նա:
Մինասյանը նշել է, որ այս պահին գործող կարգավորումը թույլատրում է, որպեսզի դրանցից չօգտվեն միայն այն անձինք, ովքեր օտարերկրյա քաղաքացի են և տեղափոխում են անձնական օգտագործման ապրանքներ: Նաև նրանք, ովքեր միության անդամ-պետության քաղաքացիներ են կամ անհատ ձեռնարկատեր չեն, բայց միության անդամ են ու իրականացնում են ներմուծում-արտահանում:
«Մենք առաջարկում ենք հանել պարտադիր պահանջը ու ընտրություն թողնել՝ օգտվե՞լ բրոկերների ծառայությունից, թե ոչ: Դա միտված է թեթևացնելու տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական բեռը»,- հավելել է նախարարը:
Արծվիկ Մինասյանը նաև նշել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ-ին հանձնարարական է տվել թեթևացնել բիզնեսի լրացուցիչ բեռը: Այսինքն, ակնկալվում են հիմնարար այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան վստահ զգալ ներդրումների ներգրավման, մասնագիտական կարողությունների զարգացման, սեփականության իրավունքի տեսանկյունից:
«Առաջիկայում, երբ կներկայացվի կառավարության նոր ծրագիրը, կտեսնեք այս ուղղությամբ կոնկրետ գործողություններ»,- խոստացավ նախարար Մինասյանը: