ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 2 տարով երկարաձգեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը
Հայաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգել:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021թ.:
Իր խոսքում ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ 2017թ. հունվարի 1-ին ավարտվել է լեհական PVPV ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետը: Պայմանագրով ընկերությունը Հայաստանին էր մատակարարում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի բլանկներ, ինչպես նաև Հայաստանում շահագործման է հանձնվել կենսաչափական անձնագրերի համակարգը:
«Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, սակայն նոր մատակարարի հետ նոր պայմանագիր չի կնքվել: Գնման ընթացակարգի, ինչպես նաև նոր համակարգի ներդրման և շահագործման համար պահանջվելու է տևական ժամանակահատված, մեր գնահատմամբ՝ մինչև 2 տարի ժամկետ: Ուստի, կառավարությունն առաջարկում է հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021թ.: Այս փոփոխությունը հնարավորություն կտա անխափան կերպով շարունակել ՀՀ քաղաքացիների անձնագրավորման գործընթացը»,- նշեց նա: