29.09.2024
ԱԱԾ-ն հայտնում է նոր մանրամասներ
31.03.2016
ԱԱԾ-ն հայտնում է նոր մանրամասներ "զինված խմբի" գործով

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի անդամների հանդեպ հարուցված քրեական գործի ընթացքից մանրամասները՝ ապացույցներ ներկայացնելով լուսանկարներով, հայտնում է tert.am-ը: Ըստ ԱԱԾ պաշտոնյայի՝ խուզարկության ընթացքում հայտնաբերված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ խմբի անդամների զինված հարձակման թիրախներն են եղել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը, Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, Կառավարությունը և Հ1 հեռուստատեսությանը: Իսկ ֆինանսավորման համար խումբը ֆինանսավորվել է 65 հազար դոլարով: Խմբավորումը բացահայտվել և չեզոքացվել է նոյեմբերի 25-ին: ԱԱԾ-ի և ոստիկանության հետ համատեղ իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ, ականանետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր, զինվորական հանդերձանք: ՀՀ ԱԱԾ-ի տեղեկություններով, 1997թ.-ից Իսպանիայում բնակվող և 2015թ.-ի ապրիլին Երևան ժամանակավոր բնակության տեղափոխված ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիի Վարդանյանը ծանր և առավել ծանր հանցագործությունների կազմակերպման համար 2015թ.-ին ստեղծել և ղեկավարել է հանցավոր խմբավորում՝ նրա շարքերն անդամագելով քսան հոգու՝ հիմնականում ՀՀ գործազուրկ քաղաքացիների: Գործողությունից շաբաթներ անց գործով ձերբակալվեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Ըստ ԱԱԾ տվյալների, Վահան Գրիգորի Շիրխանյանը "կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ": Միքայել Համբարձումյանը նշեց, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քարտեզը, որտեղ նշված պետական ինստիտուտների վրա կլորներ և մեջը խաչ ձեռագիր նշումներ են արվել, որտեղ պետք է զինված հարձակում իրականացվեր, ինչպես նաև՝ կլոր նշաններ է արվել՝ առանց խաչերի, որոնք Երևանի տարածքի կամուրջներն են եղել՝ նախատեսելով խցանումներ առաջացնել, որպեսզի հարձակման թիրախի անձինք ժամանակին չկարողանային օգնություն ստանալ: Ըստ պարզված հանգամանքների՝ խումբն իր առջև խնդիր էր դրել քաղաքական գործունեությամբ զբաղվող և գործարար անձանցից նաև տեղեկություններ հավաքագրել: Նրանք տեսագրել են առաջին նախագահի տունը, մատույցները, նաև երկրորդ նախագահի գործունեության վայրի ուսումնասիրություններ են իրականացրել, Էրեբունի պլազայում: «Փորձել է նաև վերահսկել գործող նախագահի թիկնազորի աշխատանքների տեղեկությունները, պարզելու, թե ինչպես են նախագահի անվտանգությունն ապահովում: Այդ նպատակով՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը և երկու- երեք այլ անդամներ մասնակցել են հայ կաթողիկե եկեղեցու բացման արարողությանը և գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման և այնտեղ գտնվելու պահերը: Արթուր Վարդանյանը նաև երգչախմբի հագուստ է հագել՝ չնկատվելու համար»,-ասաց նա: Խմբի անդամները տեղեկություններ են հավաքել քաղաքական գործունեությամբ զբաղվող 147 անձանց վերաբերյալ, այդ թվում ԱԺ-ի բոլոր պատգամավորների՝ անկախ ընդդիմադիր, թե իշխանական թևից: Նրանք հավաքագրել են կենսագրական տվյալներ, ընտանիքի անդամների տվյալները, և առանձնացվել են բնակության վայրի տեղեկացման հասցեն, առանձին փաթեթներ են ստեղծվել: Բացի 147 անձից, տեղեկություններ են եղել Նախախորհրդարանի անդամների վերաբերյալ: Ամբողջ զինված հեղաշրջման ծրագրի համար,ըստ Համբարձումյանի, կազմակերպիչները ֆինանսավորվել են մոտ 65 հազար ԱՄՆ դոլարով: ԱԱԾ պաշտոնյան նշեց, որ ֆինանսավորման աղբյուրի մասով այս պահին չպարզված հանգամանքներ չկան. անձը, ով ֆինանսավորել է՝ մեղադրվում է քրեական գործի շրջանակներում: Մեղադրյալը բնակվում է ՀՀ-ում և այստեղ էլ գործունեություն ծավալում: Այլ տեղեկություն պաշտոնյան չասաց: Միքայել Համբարձումյանը նաև նշեց, որ տեսագրություն է ձեռք բերվել, որտեղ Վարդանյանը ուղերձով դիմում է երկրի բնակչությանը՝ իբր արդեն զինված հեղաշրաջում իրականացնելուց հետո, ներկայացնում իր ծրագրերը, որը պետք է հեռարձակվեր Հ1-ը գրավելուց հետո: «Ուղերձի հենց սկզբում Վարդանյանը հայտարարում է , որ իրենք զենք գործածելով իրականացրեցին իրենց մտադրությունն իր խմբի և մի խումբ ազատամարտիկների հետ միասին»,-ասաց նա: Բացի այդ ձեռք է բերվել նամակ՝ անգլերենով, որ գործողությունը կատարվելուց հետո պետք է ուղարկվեր ՀՀ բոլոր դեսպանատներին՝ նրանց հրավիրելու հաջորդ օրը Արմենիա Մարիոթ ժողովին մասնակցելու և համապատասխան ուղերձով դեսպանատան ներկայացուցիչներին տեղեկացնելու, թե ինչ է կատարվել երկրում, ինչ նպատակով և ինչ ծրագրեր ունեն: Պաշտոնյան նպատակահարմար չգտավ ուղերձը հրապարակելու: Նա նաև նշեց, որ ԱԱԾ-ին հաջողվել է պարզել զենքերի, ռազմամթերքի զգալի մասին ձեռքբերման հանգամանքները, վճարման չափը: «Զենքերը վաճառած, նաև տրամադրած անձինք բոլորը քրեական գործով կալանքի տակ են և մեղադրվում են համապատասխան հոդվածներով»,-ասաց նա: Նաև նշվեց, որ նոթատետրում ջանասիրաբար վարել են հաշվառում, թե ինչ սպառազինություն են ձեռք բերել և խմբի կոնկրետ անդամին ինչ զենք է հասնում: Անդամները նշվել են ծածկանուներով: «Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է համապատասխան զենք, հանդերձանք և առաջադրանք»,-ասաց նա: Ի դեպ, նշվեց, որ քրեական գործով այս պահին մեղադրվող 33 անձինք են, որոնցից 25-ը գտնվում են կալանքի տակ, իսկ մնացածն ազատ են արձակվել նախաքննության ընթացքում: