Հայաստանում օղիների կեղծման գործընթացը ծաղկում է, բայց տարիներ շարունակ ոչինչ այս իմաստով չի փոխվում: Բայց արդյոք պրեմիում բրենդների ոգելից խմիչքները, որոնք արտադրվում են Հայաստանում և կեղծման արդյունքում շփոթություն առաջացնող նմանությամբ հանվում շուկա, որակի հետ կապված խնդիրներ չունեն: Հարցը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին դուր չեկավ. նա շատ դժկամությամբ անդրադարձավ այս խնդրին ու հորդորեց VERELQ-ի թղթակցին ներկայացնել հստակ տվյալներ արտադրության կեղծման և որակի վերաբերյալ բողոքների մասին: «Դա գործընթաց է, որը շարունակական բնույթ է կրում: Մենք ուսումնասիրում ենք և խնդիրներ հայտնաբերելու դեպքում դրանց մասին ներկայացնում ենք արտադրողներին»,- արձագանքեց նա: Այդուհանդերձ, նա ընդունեց, որ խնդիրներ ոլորտում կան. «Այո, խնդիրներ այդ ոլորտում կան, հակառակ դեպքում ՍԱՊԾ-ն գոյություն չէր ունենա. մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք»,- հավելեց նա: Նշենք, որ հայաստանյան սպառողները քաջատեղյակ են, որ ռուսական և ուկրաինական օղի արտադրող հայտնի բրենդների արտադրանքը կեղծվում է և նույնիսկ հստակ գիտեն, թե որ խանութներից այն գնել պետք չէ կամ սննդի որ օբյեկտներում պետք չէ պատվիրել: Այդուհանդերձ, տարիներ շարունակ հարցը լուծում չի ստանում, իսկ շուկան ողողված է կեղծված խմիչքներով: