Կարեն Կարապետյանը կարող է դառնալ ռուսական «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է դառնալ ռուսական «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ նշելով, որ այդ նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ 2000-2010թթ. ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի տևական կարիերայի արդյունք:
Աղբյուրը նշում է, որ ՌԴ-ն նախկինում էլ է արտերկրից լոյալ քաղաքական գործիչների հրավիրել: Օրինակ, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ է:
Ըստ պարբերականի աղբյուրների, Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է Հրայր Սիմոնյանը՝ «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականը:
«Զառուբեժնեֆտում» և «Ռոսիմուշչեստվոյում» չեն պատասխանել թերթի հարցմանը:
«Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը նշել է, որ Կարապետյանին լավ են ճանաչում ՌԴ գործարար շրջանակներում և նա կարող էր նման առաջարկ ստանալ: Աղբյուրը որպես Կարապետյանի մտերիմ ընկերներ է նշել ռուսաստանաբնակ գործարարներ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Կարապետյանին: Կարեն Կարապետյանի նախկին մամուլի քարտուղար Արամ Արարատյանը թերթին ասել է, որ ոչինչ չգիտի հավանական նշանակման մասին՝ նշելով, որ այլևս իրավասու չէ մեկնաբանելու Կարապետյանին առնչվող տեղեկությունները: