25.11.2024
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին
prev Նախորդ նորություն

Իսրայել-Ադրբեջան տանդեմի գործողություններն ուղղված են Իրանի դեմ

Իսրայելի ԳՇ պետ Գադի Այզենկոտը հայտարարել է, որ Իսրայելը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտներում:

Ադրբեջան-Իսրայել տանդեմի կապերը զարգանում են բոլոր ոլորտներում` ադրբեջանական նավթն առաքվում է Իսրայել, իսկ իսրայելական ռազմական արդյունաբերության արտադրանքը տեղ է գտնում Ադրբեջանի բանակում: Իսրայելական նորագույն զենքերի միջոցով Ադրբեջանը փորձում է վերազինվել ու ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով: Բաքվին հետաքրքրում է իսրայելական ռազմական ու հետախուզական հնարավորությունները, իսկ Իսրայելն, ի դեմս Ադրբեջանի, տեսնում է պլացդարմ Հարավային Կովկասում ընդդեմ Իրանի, ինչպես նաև պաշտպանում է սեփական էներգետիկ շահեր կասպյան տարածաշրջանում:

Իրանն Իսրայելի շուրջ ստեղծել է ռազմա-քաղաքական պլացդարմ` ի դեմս Հզբոլահ շարժման Լիբանանում, իսկ Իսրայելն ի դեմս Ադրբեջանի ցանկանում է ստեղծել հակաիրանական պլացդարմ` Իրանի հյուսիսին սպառնալու ու այնտեղից հետախուզական և դիվերսիոն գործողությունների իրականացնելու համար: Իսրայելի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանը չմտնի իրանական ազդեցության տարածք ու Ադրբեջանը մաս չկազմի շիական առանցքի: Զինելով Ադրբեջանը, Իսրայելը թույլ չի տալիս, որպեսզի Թեհրանն ազդեցություն ունենա ադրբեջանական բանակում:


Իսրայելի համար Ադրբեջանի նկրտումները Իրանական Ադրբեջանի նկատմամբ լավագույն հենքն է, որի շուրջ կողմերը կարող են համագործակցել: Թել-Ավիվը ցանկանում է հասնել Իրանի, որպես թիվ մեկ ռազմա-քաղաքական հակառակորդի տարածքի կազմաքանդմանը` էթնիկ-կրոնական սահմաններով: Իրանի բալկանացումը(балканизация) բխում է Իսրայելի աշխարհաքաղաքական շահերից: Ադրբեջանի, ինչու ոչ նաև Թուրքիայի, շահերից է բխում Իրանի կազմաքանդումը, որպեսզի այսպես կոչված Իրանական Ադրբեջանը միանա Ադրբեջանի Հանրապետությանն ու ձևավորվի Մեծ Ադրբեջան`Թավրիզից մինչև Բաքու:


Բաքվի համար դա նաև թույլ կտա զրկել ՀՀ-ին Իրանի հետ ընդհանուր սահմանից`շրջափակելով Հայաստանը նաև հարավից ու կտրել հայկական «հարավային կյանքի ճանապարհը»: