VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ո՞վ է լինելու ձերբակալվող պատգամավորը․ սա նախօրեի թոփ հարցն էր, որը քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի երեկվա սենսացիոն հայտարարությունից հետո։ ԱԺ-ում մի քանի անուն էր հնչում, առաջին հորիզոնականում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն էր, նաեւ՝ Միհրան Պողոսյանը, որքան էլ զարմանալի է՝ Արմեն Աշոտյանը եւ Իշխան Զաքարյանը։ Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը, բայց ասաց, որ մի աղմկոտ գործ կա, որը «100 տկոսով ապացուցված է»․ «Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետեւ դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իրա թելերով տանելու ա էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»։ Երեկ նաեւ հարցադրում էր հնչում՝ եթե իրավապահ համակարգն անկախ է, եւ նախաքննական գաղտնիք գոյություն ունի, ինչպե՞ս են Փաշինյանին հայտնի դարձել գործի մանրամասները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային նոր բացահայտում է խոստանում. երեկ ԱԺ-ում նա ասել է, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու: Փաշինյանը չի մանրամասնել, թե ո՞վ է այդ պատգամավորը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կան կասկածներ՝ խոսքը նախկինում ՀՀ քաղաքաշինության, հետո բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի մասին է: Ավելին, խոսվում է, որ այդ գործը բացվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա. նա մի հանք է գնել, որը այդպես էլ չի կարողացել աշխատացնի: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան գործարար Համբարձումյանն ասել է. «Ես չգիտեմ` վարչապետը ում նկատի ուներ, բայց ես Արամ Հարությունյանի վրա, այո, հայտարարություն տվել եմ կաշառք վերցնելու վերաբերյալ: Գործը կասեցվել էր, սակայն 2018 թվականին թավշյա հեղափոխությունից հետո ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել եմ, որ Դուբայից ունեմ փաստաթղթեր, որ ես Արաքս Դիլանյանի հաշվին փող եմ փոխանցել ու դուք էլ գործը կասեցրել եք, ինչի համար եւ գործով կրկին վերսկսել են քննություն. այսինքն՝ կասեցման որոշումը հանել են, եւ այդ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ Արամ Հարությունյանից, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անկացնելուց առաջ վերջին պայքարը մղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք մտադիր են առաջիկայում տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: ՀՀԿ նպատակն է անել այնպես, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետեւաբար՝ ռեյտինգային ընտրակարգով: Այդպես նրանք հույս ունեն՝ ռեյտինգային ընտրակարգի միջոցով նույնիսկ դեկտեմբերին կրկին հայտնվելու են խորհրդարանում, այն էլ՝ լինել երկրորդ ուժը: Ավելին, մի շարք անհատների հետ ՀՀԿ-ականները պայմանավորվածություն ունեն, որ առաջադրվելու են իրենց ընտրացուցակով եւ այդպես ձայն են բերելու: Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ պատրաստ են պայքարելու ՀՀԿ-ի ցուցակով, ՀՀԿ-ի համար, ընդ որում՝ պայքարել իրենց հեղինակության հաշվին: Հետաքրքիր է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ վարչապետ ընտրող խորհրդարանին երեկ իշխանությունը հորդորում էր չընտրել Նիկոլ Փաշինյանին, որ ԱԺ-ն լուծարվի, եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կայանան: Ու թեպետ կոչ էին արել ժողովրդին՝ ՀՀԿ-ի դավադրությունից խուսափելու համար հավաքվել ԱԺ շենքի մոտ, սակայն իրավական նյուանսներից անտեղյակ քաղաքացիները սվիններով էին արձագանքել Փաշինյանին վարչապետ «չընտրելու» կոչին, եւ ԱԺ շենքի մոտ հազիվ 10-20 մարդ էր եկել: Սակայն անակնկալներ չեղան՝ Փաշինյանը չընտրվեց, ինչի կապակցությամբ նրան շնորհավորեց Արա Բաբլոյանը: Ձեռնպահ քվեարկեց «Ելք»-ը, միակ «դեմը» Սամվել Ալեքսանյանն էր, ով բառացի էր ընկալել, որ պետք է չընտրել։ Լֆիկ Սամոն, ով սերտ համագործակցում է նոր իշխանությունների հետ, գործարարների օթյակում մենակ էր: Նիստն ընթացավ Փաշինյանին փառաբանելու մթնոլորտում, որտեղ անվիճելի առաջատարը Տիգրան Ուրիխանյանն էր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը ամեն տարի 1 միլիոն դոլար գումար է փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովիկ Աբովյանի հետ: Պարոն Աբովյան, լուրեր կան, որ նոր Հայաստանում իրավապահները բացահայտել են՝ Դուք ամեն տարի 1 միլիոն դոլար գումար եք փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Ի՞նչ կասեք այս մասին: (Ծիծաղում է) Բացառվում է, այդքան փող ունենամ, ի՞նչ գործ ունեմ, եկել եմ չոլերն եմ ընկել: Նման բան չկա, իրենք ինձ պետք է տային, որ ես ընդհանրապես լույս քաշեի, այդ աշխատանքն անեի, ինչո՞ւ պետք է տամ: Գիշեր-ցերեկ այդ սահմաններում քարշ եմ եկել, մի հատ էլ պետք է տա՞մ: Չի կարելի մարդկանց այսքան հունից հանել, եթե նման բան լիներ, վաղուց ասած էլ կլինեին, վաղուց փակած էլ կլինեին, ամեն ինչ էլ արած կլինեին: Միլիոն դոլար…»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին եռյակում: Այս պահին քննարկվում է այն հարցը, թե այս կուսակցությունները ընտրությունների կգնան դաշինքո՞վ, թե՞ ուղղակի «Երկիր Ծիրանիի» անդամները կլինեն «Սասնա ծռերի» ցուցակում: Վերջին տարբերակը ավելի նպատակահարմար է, քանի որ դաշինքների համար Ընտրական օրենսգիրքը ավելի բարձր անցողիկ շեմ է նախատեսում»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով: Ռուզաննա Մուրադյանը միակ ՀՀԿ-ական կին պատգամավորն էր, ով հոկտեմբերի 22-ին կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Ռուզաննա Մուրադյանը սկզբում միացել էր ՀՀԿ բոյկոտին և չէր ներկայացել նիստին, սակայն վերջին պահին հայտնվեց խորհրդարանում և կողմ քվեարկեց, չնայած կուսակցության դիրքորոշմանը: Այսպիսով, ԸՕ-ում փոփոխություններ կատարելու կողմնակիցների թիվը պակասեց ևս մեկ պատգամավորով, և երկուշաբթի փոփոխություններն անցկացնելու հնարավորությունը էլ ավելի անիրական դարձավ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ երկուշաբթի ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ կանի, որ քննարկի նոր Ընտրական օրենսգիրքը։ Սակայն ԸՕ ընդունումը մեծ հարցականի տակ է․ «Ֆիֆթի-ֆիֆթի է հնարավորությունը, կարծում եմ՝ գործարարների մի մասը, որքան էլ նրանց ճնշեն, արդեն Հայաստանում չեն, դժվար էլ գան, որովհետեւ ոչ թե ՀՀԿ-ի կողմից են խաղում, այլ՝ իրենք իրենց։ Նրանք ցանկանում են, որ ռեյտինգայինը պահպանվի, իրենք «ՔՊ»-ով կրկին գան ԱԺ։ Կլինեն նաեւ օբյեկտիվ բացականեր՝ գործուղում, հարսանիքի քավորություն։ Վարդան Ղուկասյանն արդեն հայտարարել է, որ չի կարող «կողմ» քվեարկել։ «Ելքը» նախորդ օրը հայտարարեց, որ իրենցից գնում էր ստորագրել արտահերթի ձեւաթղթի տակ, արել են, թող ԲՀԿ-ն որոշի, թե ոնց է կազմակերպում քվեարկության դրական ելքը։ Այսինքն՝ ԸՕ-ն անցկացնելու հոգսը դրեցին Գագիկ Ծառուկյանի եւ նրա ֆրակցիայի վրա՝ ակնարկելով նախորդ անգամվա բացակաները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանը ՊԵԿ-ի կադրերով է համալրում «Գազպրոմը»․ օրերս ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, ֆինանսների նախկին փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով։ Իսկ դրանից առաջ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության պետ Գարեգին Առաքելյանը, ով փոխարինել է կյանքից անսպասելի հեռացած Նիկոլայ Գաբրիելյանին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինիքի չորրորդ համարը: Տեսակետ կա, որ նա այդ պաշտոնին արժանացել է թավշյա հեղափոխության օրերին Հանրային ռադիոյի շենքի գրավմանը եւ այնտեղ դուռը կոտրելու արարողությանը խմբակային մասնակցելու «շնորհիվ»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Հանրային ռադիոի շենքը գրավելու ակցիայի ժամանակ ռադիոտան դուռը կոտրողներից մեկն եք եղել եւ հենց դրա համար են Ձեզ նշանակել Վայոց Ձորի մարզպետ, Տրդատ Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, եթե Դուք տեսանյութը նայեք, ապա կպարզեք, որ ես դուռը կոտրողներից չեմ, բայց մասնակցել եմ ակցիային: Դուռը չեմ կոտրել: Նման բան չկա»: Իսկ թե իր ո՞ր արժանիքների համար է արժանացել մարզպետի պաշտոնին, Սարգսյանը չի մեկնաբանել՝ խորհուրդ տալով հարցն ուղղել վարչապետին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության ոլորտում լարվածությունն աճում է: Նախարար Արսեն Թորոսյանի նշանակած Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը երեկ սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում: Նա համալսարանի շրջանավարտների ու դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել տեղից՝ խաթարելով միջոցառման բնականոն ընթացքը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը հայտարարել է, թե իրենց դեմ խաղ չկա, նախարարն իր ընկերն է, ինչ անում, լավ է անում: Նարեկ Վանեսյանի պահվածքից վրդովված անվանի բժիշկները, ԵՊԲՀ շրջանավարտները երեկ նամակ են գրել վարչապետին՝ կոչ անելով կարգի հրավիրել պաշտոնյային եւ «համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումն արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին»: Նամակը ստորագրել են ԵՊԲՀ ամբիոնի վարիչներ, դոկտորներ։ Հիշեցնենք, որ նախարար նշանակվելուց հետո Արսեն Թորոսյանը մի շարք բուժհաստատություններում բարեփոխումների անվան տակ պաշտոնանկ արեց նախկին տնօրեններին՝ նրանց փոխարեն նշանակելով իր ընկերներին, որոնք, ինչպես երեւում է, ինքնատիրապետման եւ էթիկայի հետ լուրջ խնդիրներ ունեն:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արմեն Կոտոլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: «8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք» հատվածում Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է ձեռքի ժամացույց: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 35 000 ԱՄՆ դոլար և 260 000 ռուսական ռուբլի: Եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան: Չի հայտարարագրել նաև անշարժ և շարժական գույք: Ինչպես տեղեկանում ենք հրապարակված կենսագրական տվյալներից, Արմեն Կոտոլյանը 2009–2011թթ. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ում եղել է առաջատար ինժեներ: 2011–2014թթ. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ի անալիզի և մոնիթորինգի բաժնում եղել է ծրագրային ադմինիստրատոր, իսկ արդեն 2014–2016թթ. նույն ընկերությունում զբաղեցրել է 1Ս ծրագրի ներդրման և սպասարկման բաժնի պետի պաշտոնը: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարն անկուսակցական է: Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով նա մասնակցել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Հավելենք, որ Արմեն Կոտոլյանը հայտնի է որպես քաղաքացիական ակտիվիստ: