9.05.2025
Նախարար. Կոալիցիայի մասով ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները վերջնական փուլում են
24.04.2017
Նախարար. Կոալիցիայի մասով ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները վերջնական փուլում են

Կոալիցիայի մասով ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները վերջնական փուլում են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը:  Պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ այսքան երկար բանակցություններ են տարվում, երբ քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրն անժամկետ էր,  Մինասյանը նշեց, որ նախորդ տարվա փետրվարին ստորագրված համաձայնագիրն անժամկետ էր և այն բարեփոխումները, որոնք ամրագրված են այդ համաձայնագրով, այսօր ընդամենը որոշակի ճշգրտման խնդիր ունեն, որովհետև ընտրություններից հետո նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա: «Հավանաբար, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի մասին կհայտարարվի մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը»,- ասաց նա: Մինասյանը նաև ասաց, որ նախորդ փաստաթղթում նախարարական պորտֆելների մասին դրույթ չի եղել, այնպես որ ենթադրելի է, որ ներկայումս էլ չի լինի նախարարության կամ քվոտայի մասին դրույթ: Ինչ վերաբերում է իրեն, ապա ինքը կցանկանար պահպանել նախարարի պաշտոնը:  «Եթե իմ նախասիրությանն է մնում, ապա միանշանակ է, որ ես համարում եմ սա այն ոլորտը, որ պիտի դառնա երկրի կայուն զարգացման հենասյուներից մեկը: Այդ տեսանկյունից համարում եմ, որ գործադիրում այս դիրքը կարող է շատ ավելի օգտակար լինել երկրի համար, քան պառլամենտում գտնվելը: Չնայած՝ ես կարոտում ու սիրում եմ պառլամենտական աշխատանքը»,- շեշտեց նա: