Իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ:
Փաշինյանի այս հայտարարությունն իր մեջ պարունակում է մի քանի մեսիջներ՝ ուղղված թե’ պետական ապարատին, թե’ սեփական թիմին, ինչպես նաև հետապնդում է իր ռեյտինգը բարձրացնելու, PR-ի նպատակ:
Փաշինյանը հասկանում է, որ ՀՀ-ում կոռուպցիան ոչ մի տեղ չի վերացել, այն այս պահին բացակայում է ամենավերին օղակներում՝ նոր իշխանությունների նեղ շերտում, սակայն կոռուպցիան և չարաշահումներն առկա են միջին և ստորին օղակներում:
Այդ բյուրոկրատիան բաժին է հասել Փաշինյանին նախկին իշխանություններից ու կտրուկ փոխել իրավիճակն այդ մեծ բյուրոկրատական շերտում կարճ ժամանակահատվածում բավականին բարդ է: Այդպիսի չարաշահումները ՀՀ-ում շարունակական բնույթ են կրելու, քանի որ պետական աշխատողների, միջին բյուրոկրատական սեգմենտի աշխատավարձերը ցածր են և մեծ է գայթակղությունն դիմել կոռուպցիոն սխեմաների կամ չարաշահումների:
ՀՀ վարչապետն այս կերպ ցույց է տալիս, որ եթե ինքը պատժում է իր ազգականին, ապա չի պատրաստվում խնայել այլ պաշտոնյաների. դա մեսիջ է նաև սեփական թիմին, որ նրանք չփորձեն հիմք դնել նոր կոռուպցիոն սխեմաների կամ օգտագործել իրենց պաշտոնները սեփական հարստացման համար:
Փաշինյանը հասկանում է, որ իր թիմը բավականին թույլ է՝նրա նշանակած կադրերի մեծամասնությունից հասարակությունը դժգոհում է, արդեն իսկ առկա են թրոլինգի երևույթներ: Նրա թիմի նկատմամբ բացասական վերաբերմունքն ազդում է նաև նրա անձնական ռեյտինգի վրա և այս կերպ Փաշինյանը փորձում է նաև զբաղվել սեփական PR-ով:
Հանրային ընկալման մեջ Փաշինյանը ցանկանում է իրեն ներկայացնել, որպես կոռուպցիայի և օրենքների խախտումների նկատմամբ պայքարող պետական գործիչ, ում համար չկան անձեռնմխելիներ:
Նույն համատեքստում կարելի է ընկալել Փաշինյանի հանձնարարությունն ԱԱԾ-ին՝պայքարել ֆեյքերի դեմ: Հենց Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատում են հազարավոր ֆեյքեր՝ֆեյքերի մի ամբողջ բանակ զբաղվում է նրա ամենօրյա PR-ով և նախկին իշխանությունների՝ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հակապիառով ու քարկոծմամբ:
Փաշինյանը հասկանում է, որ արագ անկում ապրող վարկանիշը պետք է ինչ-որ կերպ փրկել՝ տնտեսական, սոցիալական և այլ բազմաթիվ խնդիրներ չեն գտնում իրենց լուծումը, իսկ աշխատատեղերի կրճատման և այլ երևույթներ հանգեցնում են բնակչության բնական դժգոհությանը:
Վարչապետը տեսնում է, որ մեդիա դաշտում, սոցցանցերում առկա են բազմաթիվ ռեսուրսներ, այդ թվում ֆեյքեր, որոնք սպասարկում են նախկին իշխանությունների շահերն ու հարվածում թե’ Փաշինյանին, թե’ նրա թիմին:
Նախկին իշխանությունները գեներացնում են Փաշինյանից դժգոհությունն ու փորձում մաշեցնել նրա վարկանիշը:
Սակայն ամենակարևորն այն, որպեսզի ֆեյքերի դեմ պայքարը չվերածվի վհուկների որսի, այլակարծության դեմ պայքարի ու Փաշինյանի քննադատների նկատմամբ հետապնդումներին: Դա Արևմուտքի կողմից կարող է ընկալվել, որպես խոսքի ազատության սահմանափակում ՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով: