Մամուլ. նախկին «սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանը փորձում է վերադառնալ նոր պաշտոնի
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող առանձնատունը եւ փոխարենը բնակարան գնել: Այս մասին տեղեկանում ենք Հակոբյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից: Մասնավորապես, Վահե Հակոբյանը 55 միլիոն դրամով վաճառել է առանձնատունը եւ որոշ ժամանակ անց 275 հազար 874 եվրոյով բնակարան գնել: Միաժամանակ նա 20 միլիոն 740 հազար ռուբլով գնել է «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա: Նա նախորդ տարի նաեւ փոխառություններ է ունեցել 50 հազար ԱՄՆ դոլարի եւ 147 միլիոն 406 հազար դրամի չափով: Դրամական միջոցները 2016 թ. վերջին կազմել են 36 միլիոն 100 հազար դրամ, 193 հազար ԱՄՆ դոլար եւ 118 հազար դոլար: Իսկ տարեկան եկամուտներն էլ կազմել են 155 միլիոն 515 հազար դրամ եւ 192 հազար եվրո: Արտարժույթով արտահայտված եկամուտները ստացված փոխառություններն են՝ վարկերը, իսկ դրամով արտահայտված եկամուտներից 55 միլիոնը վաճառված ավտոմեքենայի գումարն է, 50 հազարը՝ ապահովագրական հատուցումները, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որոշ նախկին պաշտոնյաներ վերջին շրջանում կրկին ակտիվացել են եւ կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերում իշխանությունների հետ` կրկին հարմար պաշտոն ձեռք գցելու համար: Նրանց թվում է նաեւ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, որը, ասում են, այս օրերին նորից փորձում է իշխանական մատույցներում իր դիրքերն ամրապնդել: Իհարկե, նախկին պաշտոնին հազիվ թե վերադառնա Խաչատրյանը, բայց գոնե սեփական բիզնեսներն «անփորձանք» կպահի»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ամառը սպասված անակնկալներով եւ երջանիկ ակնթարթներով է անցնում նաեւ քաղաքական գործիչների համար: Խոսքն, իհարկե, քաղաքական նորությունների մասին չէ, այլ՝ ընտանեկան: Պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը նոր պաշտոն են ստացել, եւ թերեւս ամենաբարձր պաշտոնը՝ երկուսն էլ տատիկ են դարձել: Ընդ որում՝ ՀՀԿ-ական տիկնայք վաղուց արդեն կրում են վաստակավոր տատիկ լինելու պատիվը: Մ. Եսայանն այս մասին, մասնավորապես, նշել է հետեւյալը. «Ծնվեց իմ հինգերորդ թոռնիկը, թող մեր երկրում շատ երեխաներ ծնվեն, ծնողները երջանիկ լինեն, իսկ տատիկ-պապիկները իմ այս պահի չափ երջանիկ ու ուրախ լինեն, ծնվեց իմ գեղեցկուհի աղջկա երրորդ դուստրը»: Իսկ Կարինե Աճեմյանի դուստրը երկրորդ անգամ է դարձել մայրիկ՝ պատգամավոր տատիկին եւ ՀՀ վաստակավոր արտիստ պապիկին՝ Արա Դեղտրիկյանին պարգեւելով եւս մեկ տղա թոռնիկ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով: Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախազի եւ կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջեւ: Վերջինս պնդել է, թե ինքը դատախազին չի տվել գումարը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարող գտնել հենց դատախազի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ: Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել՝ աղմուկաղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի եւ խոստովանական ցուցմունքներ տա: Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որեւէ արդյունքի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արձակուրդային սեզոնը մեկնարկել է, եւ մինչ ՀՀ պաշտոնյաները մեկնում են գողտրիկ վայրերում հանգիստն անցկացնելու, Արցախում մտահոգված են այս տարվա անտարբերությունից։ «Նախարարներից ոչ մեկը երեւի չգա Արցախ՝ հանգստի։ Ապրիլյան պատերազմից հետո մեր պաշտոնյաների հայրենասիրությունը 3 ամիս տեւեց։ Ժամանակին գոնե հորդորում էին, թե Արցախում արձակուրդն անցկացրեք, այս տարի չեն էլ հայտարարում։ Իսկ, օրինակ, Անդրանիկ Մարգարյանը միշտ ասում էր՝ Թուրքիա չգնաք, Հայաստանում հանգստացեք, Տիգրան Սարգսյանը սոցփաթեթները մտցրեց ու խրախուսում էր Արցախ գնալը, Արգամիչն էլ մշտապես հայտարարում էր, հորդորում Արցախում արձակուրդ անցկացնել, որ միջոցառում-բան էր լինում, բոլորին հավաքում-բերում էր Արցախ։ Իսկ, այ, Կարեն Կարապետյանը թեեւ ղարաբաղցի է, բայց պետքն էլ չէ»,- բողոքեց արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ. պետպատվերների լիմիտը սպառվում է, եւ մարդիկ չեն կարող այդպես բուժօգնություն ստանալ: Իսկ եթե բուժհաստատությունը, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուժօգնություն, ապա նրանց՝ պետբյուջեից տրվելիք գումարները չեն փոխանցվում: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որոշել է «լիմիտավորել» պետպատվերները: «Հայաստանում այժմ պետական պատվերի շրջանակում բժշկական օգնության եւ սպասարկման պահանջարկը գերազանցում է պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները։ Խնդրի լուծման նպատակով նախարարությունը մի քանի ուղղություններով աշխատանքներ է տանում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես են բացատրել խնդիրը առողջապահության նախարարությունից: Սա, թերեւս, արդարանալու ամենահեշտ տարբերակն է: Սակայն իշխանությունները ճիշտ կանեին պետական գերատեսչությունների թանկարժեք գնումների, տարբեր անիմաստ ծրագրերի, պատգամավորների եւ նախարարների վոյաժների վրա ահռելի միջոցներ ծախսելու փոխարեն գումարներն ուղղեին սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտ»: