24.11.2024
Երեք օրում ՀՀ-ում ՃՏՊ զոհ է դարձել 5 մարդ. ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը շնորհավորել են Վլադիմիր Կազիմիրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ.


«Հարգելի Վլադիմիր Նիկոլայի,


Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:


Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ ներկայացուցիչ և համանախագահ՝ Դուք լրջագույն ավանդ եք ունեցել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկզբնավորման գործում: Անգնահատելի են Ձեր ջանքերը կողմերի միջև զինադադարի համաձայնության ձեռքբերման, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և բանակցությունների լիարժեք ձևաչափի ձևավորման ուղղությամբ:


Ավարտելով Ձեր կարևոր միջնորդական գործունեությունը՝ Դուք չեք հեռացել մեր տարածաշրջանից՝ մշտապես Ձեր փորձը ծառայեցնելով երկարատև խաղաղության հաստատման նպատակին: Ձեր գնահատականներն ու մեկնաբանությունները աչքի են ընկել անաչառությամբ և հակամարտության պատճառներին ու հետևանքներին խորապես ծանոթ լինելու փաստով: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ձեր միջնորդական գործունեությունը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանում կայունության ապահովման գործում:


Հարգելի Վլադիմիր Նիկոլայի,


ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»:


Վլադիմիր Կազիմիրովին ծննդյան 90-ամյակի կապակցությամբ շնորհավորել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Ուղերձում ասված է.

«Հարգարժան Վլադիմիր Նիկոլայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

Ձեր ապրած տարիները թույլ են տալիս ընդգծել, որ հասել եք նշանակալի բարձունքների աշխատանքում, շատ բան եք տեսել, անցել եք բազում փորձությունների ու դժվարությունների միջով: Եվ ամբողջ կյանքի ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Ձեր երկրին, հաստատակամորեն պաշտպանել եք նրա շահերը, հավատարիմ եք եղել Ձեր ընտանիքին եւ ընկերներին:

Անգնահատելի է Ձեր ավանդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում:
Արցախում միշտ հատուկ վերաբերմունք է եղել Ձեր նկատմամբ: Դուք վայելում եք մեր ժողովրդի անկեղծ հարգանքը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: