13.09.2025
The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը
19.12.2018
The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը այս «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը: Այս տիտղոսը պարբերականը շնորհել է ոչ թե ամենահարուստ կամ ազդեցիկ, կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին, այլ հաշվի է առել անցնող տարվա ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը: Ո՞ր երկիրն է անցած 12 ամիսների ընթացքում փոխվել դեպի լավը. պարբերականը տալիս է այս հարցն ու անմիջապես էլ պատասխանում՝ լրատվամիջոցի կարծիքով դա հենց Հայաստանն է: Թեպետ հաղթողի անունը որոշելն իրենց համար բավականին բարդ ընտրություն է, բայց The Economist-ը նշում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում: Որպես օրինակ, պարբերականում նշվում է, որ անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այսօր չի հանգստանում զանգվածային ցույցերից ու անկարգություններից, իսկ 2015-ի հաղթող Մյանման վերջերս «արյունալի» հետընթաց ապրեց: Ըստ հոդվածի՝ Հայաստանում Սերժ Սարգսյանը փորձում էր վերարտադրել իր իշխանությունը, որը հանրության մեջ բողոք առաջ բերեց, և ժողովուրդը, ի նշան բողոքի, փողոց դուրս եկավ։ «Խարիզմատիկ» մորուքավոր Նիկոլ Փաշինյանը, նախկին լրագրողն ու պատգամավորը, օրինական կերպով իշխանության եկավ` կոռուպցիայի ու դիլետանտության դեմ բողոքի ալիքի վրա։ Նրա դաշինքը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքեց ձայների 70%», – փոքրիկ պատմական ակնարկ են ներկայացնում հոդվածի հեղինակները։ Այնուամենայնիվ պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև տհաճ տարածքային վեճը» չի լուծվել ու կարող է նորից վերսկսել։ «Սակայն հին ու հաճախ վատ կառավարվող ազգը անհանգիստ տարածաշրջանում ժողովրդավարության ու նորացման շանս ունի։ Այդ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է։ Shnorhavorum yem»,- ամփոփել են հոդվածի հեղինակները, չգիտես ինչու` եզակի թվով