ՀՀ նախագահն ու Կատարի վարչապետը քննարկել են հարաբերությունները զարգացնելու հարցեր
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ։
Վարչապետ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Կատարի Պետություն՝ կարևորելով միջպետական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կատարի Պետության կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանն աջակցելու համար՝ նշելով, որ այն նոր որակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները և հույս հայտնելով, որ մոտ ապագայում Կատարը ևս իր դեսպանությունը կունենա Երևանում:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորությունները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այլ երկրների շուկաներ դուրս գալու տարանցիկ լավ հնարավորություններ ունի։
Փոխգործակցության համար մասնավորապես հետաքրքիր են համարվել շինարարության, անշարժ գույքի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նաև գիտական, կրթական, տեխնոլոգիական ոլորտներում գործակցության մեծ ներուժի առկայությունը՝ այս համատեքստում նշելով փոխգործակցության հնարավորությունը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում ։