25.11.2024
Հայաստանում փորձարկել են ռուսական արտարրության արդիականացված «ՕՍԱ ԱԿ» համալիրը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ի՞նչ կապ ունի Սաշիկ Սարգսյանը բանկերի դեմ դատական գործընթացների հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բանկերի հետ մի քանի տասնյակի հասնող դատական գործերի մեջ է ներգրավված գործարար Գեւորգ Աֆանդյանը: Ավելին, տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար գնահատականներ են հնչում, որ Աֆանդյանը որոշել է իր բոլոր խնդիրները լուծել՝ բանկերին դատի տալու ու գումարներ ստանալու ճանապարհով։ Մասնավորաբար, Աֆանդյանը փորձում է 22 մլն դոլար ստանալ ԱյԴի (նախկինում՝ «Անելիք») բանկից: Ըստ տարբեր տեղեկությունների, Աֆանդյանին իր ուշագրավ գործունեության մեջ, ինչպես նաեւ դատական այս գործընթացներում աջակցել ու աջակցում է ՀՀ նախկին նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը: «Փաստի» հարցին, թե արդյո՞ք սրա հետ կապված իրենք ունեն փաստեր, ԱյԴի բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշեց՝ իրական փաստեր, ապացույցներ այս պահին ձեռքի տակ չունեն։ «Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կան գործարարի՝ նախկին եւ նույնիսկ ներկա պաշտոնյաների հետ կապերի եւ հարաբերությունների մասին։ Բնականաբար, մենք էլ ենք դրանց տեղյակ։ Վստահ ենք, որ նոր Հայաստանում նույնիսկ հզոր հովանավորների եւ պաշտոնյաների աջակցությամբ հնարավոր չէ նախկին գործելաոճն ապահովել եւ ինչ-որ խնդիրներ ու հարցեր լուծել։ Լիահույս ենք, որ դատական այս գործընթացում արդարությունն այլընտրանք չունի»,-ասաց Աբրահամյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը հերքում է, որ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը սեփականաշնորհվել է եւ դարձել Եվրոպական համալսարանի սեփականությունը, սակայն առկա է այս դրվագով Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը, ըստ որի՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ եւ ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են հիշյալ պանսիոնատը ապօրինի ճանապարհով ձեռք բերելու մեջ: Հարցն այն է, թե ինչու պետք է 5 մլն դոլար արժեցող պետական գույքը անհատույց տրվեր Եվրոպական համալսարանին, որի հոգաբարձուների խորհրդի մշտական նախագահը Արթուր Բաղդասարյանն է: Արդյո՞ք սա եւս 2008թ. նախագահական ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանի կողմից ընդդիմադիր դաշտից դեպի Սերժ Սարգսյան թռիչքի փոխհատուցման շրջանակում չի տեղի ունեցել»:


«Իրատես» թերթը գրում է. «Պատերին ծեփելու, ասֆալտին «պառկըցնելու», տեղներում հանգիստ նստեցնելու ժամանակներն անցել են, օրվա իշխանություններից մարդիկ ռեալ գործողություններ, փոփոխություններ ու «հեղափոխության» օրակարգի իրացում են ակնկալում: Օրակարգերից մեկը, օրինակ, այն է, որ մանդատ ստացած երիտասարդներն արժանի լինեն խորհրդարանականի կոչմանը, իրապես օրենսդրական գործունեություն ծավալեն, օրենքներ գրեն, լսեն մարդկանց հոգսն ու երկրի կառավարման թիվ մեկ ամբիոնն օգտագործեն ի շահ պետության զարգացման: Բայց որ պատգամավորները հասարակության պատկերացումների մեջ, մեղմ ասած, չեն տեղավորվում, հասկանալի էր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ օրվանից։ Նրանք լրագրողներիս սկզբում հորդորում էին, թե՝ «թողեք աշխատենք», այնուհետ, երբ հասկացան, որ, աշխատելուց զատ, պետք է որոշակի գիտելիքներ ունենալ օրենսդրական նախագծերի ու խորհրդարանական գործունեության մասին, ասացին՝ «թողեք սովորենք»: Թե ինչ սովորեցին մեկ տարվա ընթացքում, անզեն աչքով էլ տեսանելի է։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մեծամասնության ներկայացուցիչներն իրար հետ «հանցավոր» համաձայնության են գալիս, թե ամեն մեկը դահլիճում քանի րոպե մնա։ Օրերս՝ 2020-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս եզրափակիչ ելույթով, «Իմ քայլը» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները ներսում էին: Մի մարդու նման եկել, նստել ու լսում էին: Վարչապետի ելույթից ու նրա՝ դահլիճը լքելուց անմիջապես հետո իմքայլական գրեթե բոլոր պատգամավորները շարվեշարան դուրս եկան: Տպավորություն էր, թե եկել էին ներկա ստանալու խստաբարո ուսուցչի դասին: Նիստը թեեւ շարունակվում էր, բայց դա նրանց չէր հուզում ու հետաքրքրում, կարեւորը Նիկոլ Փաշինյանն էր, որ գուցե ներքուստ գոհ մնաց, որ իր թիմակիցները պարտաճանաչորեն ներկա են լինում ԱԺ նիստերին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ու «Լուսավոր Հայաստանի» միջեւ նոր «սագա» է հասունանում. ԼՀԿ-ում շատ դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից, մանավանդ, որ ամենակարեւոր պահերին ԼՀ-ն կանգնում է իր կողքը, երբեմն անգամ՝ իր հեղինակության հաշվին, սակայն Փաշինյանը դույզն-ինչ քննադատություն անկարող է ընդունել։ «Եթե բյուջեն կազմվել է օրենքի, համամասնությունների ֆիսկալ խախտումով, չասեի՞նք»,- հարցրեց մեր զրուցակից ԼՀԿ-ականը: Դա՞ է Փաշինյանին վիրավորել։ «Այո եւ ոչ միայն։ Նաեւ այն, որ իրեն կոշտ քննադատել է իր կաբինետում աշխատած նախարարը, ու այն ժամանակ, երբ Հայաստանում չէ Էդմոն Մարուքյանը, վեր է կենում, նման պոպուլիստական հայտարարություններ է անում, թե ԼՀ-ն թող կանգնի, ուղիղ ասի` դե՞մ է աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, տերմինախեղդ չանի եւ այլն»: Մանե Թանդիլյանն էլ արձագանքել էր՝ «ցավում եմ, որ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ դառնալ պետական գործիչ»: Հիմա ի՞նչ՝ դե՞մ եք քվեարկելու բյուջեին։ «Կընդունեն հարյուրից ավելի մեր առաջարկները, կողմ կքվեարկենք, ոչ` չենք քվեարկի»: Ի դեպ, ֆինանսների նախարարությունից հետաքրքրվեցինք` հակվա՞ծ են ընդունել «Լուսավոր Հայաստանի» առաջարկները։ Ասացին, որ խորհրդարանից դեռ չեն ստացել այդ առաջարկները, կստանան՝ կհասկանան: Հարցին` 4-օրյա ժամկետ չի՞ տրված դրանք ընդունելու համար, ասացին. «Առնվազն 4 օր. առանձնակի սահմանափակում չկա։ Ընդ որում՝ մենք չենք նայելու, թե դա ում առաջարկն է, նայելու ենք զուտ դրանց բովանդակությանը»: Հիշենք․ բյուջեն անցնում է 50+1 ձայնով, ինչն «Իմ քայլն» ունի։ Սակայն, ըստ ԼՀ մեր աղբյուրի, Փաշինյանը ցանկանում է իր պաշտոնավարման մեկ տարին «դիմավորել» լայն կոնսենսուսով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուր է հասել իր եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործը: Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավար Երվանդ Կարապետյանի՝ 7-8 տարի առաջ կատարած չարաշահումների մասով քրգործ է հարուցվել։ «Տեղյակ չեմ ընթացքից, կարծում եմ՝ ընթացքի մեջ է»: «Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» տարբերա՞կն է՝ Ձեզ հասկացնում են, որ պասիվանաք ինչ-ինչ հարցերում՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա։ «Ո՛չ»: Քրգործ հարուցելու ոչ քաղաքական պատճառներ կայի՞ն։ «Գործն ընթացքի մեջ է, կարծում եմ՝ հիմքեր կան գործը կարճելու. իրավապահ մարմինները կորոշեն»։ Իսկ Ձեզ պատկանող հյուրանոցում դեռ ստուգումներ չե՞ն սկսել։ «Հյուրանոցը, նախ, պատկանում է հորս, իմը չէ, եւ ապա․ կարծում եմ` ՊԵԿ-ն իր լիազորությունների շրջանակում ցանկացած ստուգում կարող է իրականացնել»: Դեռ չե՞ն եկել։ «Նորմալ պրոցես է. Սեւանում բոլորին ստուգում են, այդ թվում եւ` իմ հորը պատկանող հյուրանոցը։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում լուրջ տագնապ կա վերջին օրերին դրսեւորվող հասարակական լայն կոնսենսուսի, Նիկոլ Փաշինյանի՝ ամեն վայրկյան իջնող ռեյտինգի առնչությամբ: Իշխանություննները խիստ վախեցած են նաեւ ցանցային պայքարի անկանգ դրսեւորումներից. տարբեր ֆլանգներով ոտքի են կանգնել «հետնախորշերում» դանթող քաղաքական ուժերը, Սերժ Սարգսյանն է անչափ հետաքրքիր ազդակներ ուղարկում (հերթականը կլինի այս օրերին), ուսանողներն են պաշարել ԿԳՄՍ-ն, դրանից առաջ՝ ԱԳՆ-ն, «Վերնատան» աշխատանքներն են մեկնարկել՝ Միքայել Մինասյանի`«Սկսելա» մոդելավորման ֆոնին։ Այնուհանդերձ, միավորողի դերակատարությունն այս ամենում վերապահված է անձամբ իրեն՝ նոր Հայաստանում սատանաներին գտնելու հանձնարարականով հանդես եկող, սեռափոխներին սիրող, մնացյալներին ասֆալտին ծեփող Նիկոլ Փաշինյանին եւ արդեն իսկ պայթող նրա թիմին. ամենից լավ հենց նրանք են կոնսոլիդացնում հակընդդեմ ուժերին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի մեջ ամեն ինչ գրված է»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազատման պատճառներին: Մովսես Հակոբյանը «շատ լավ, շատ դրական» է գնահատում իր ազատման որոշումը, նա նշեց, որ որեւէ լարվածություն, որեւէ տարաձայնություն այդ ազատմանը չի նախորդել: Մեզ հետ զրույցում Հակոբյանը նաեւ չբացառեց, որ կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր է վերանշանակվի: Նշենք, որ ըստ նախնական խոսակցությունների՝ ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվելու է: Այդ կառույցը ձեւավորվելու է ՊՆ-ի կազմում՝ իբրեւ ռազմական վերահսկողական ծառայություն: Մովսես Հակոբյանը եւ նրա տեղակալները նշանակվելու են այդ կառույցում»:


«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է միանգամից երեք զինվորականի` գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին իր երկու տեղակալների հետ։ Ուշագրավ է, որ այս փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ղարաբաղյան ընտրություններից առաջ սեփական վերադասավորումներն անել այնտեղ։ Հայտնի է, որ Մովսես Հակոբյանն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի քեռին է, իսկ վերջինս Արցախի նախագահի ընտրություններում սատարում եւ հովանավորում է Մասիս Մայիլյանին։ Մեր աղբյուրի պնդմամբ, այս կադրային փոփոխությամբ Փաշինյանը Մայիլյանի դիրքերը թուլացնելու եւ Արայիկ Հարությունյանին ուժեղացնելու նպատակ ունի։ Ավելին, որոշ տեղեկություններով, նաեւ այսպիսի սցենար է գծվել. Արայիկ Հարությունյան` Արցախի նախագահ, Մասիս Մայիլյան` ԱԺ նախագահ։ Սակայն Մայիլյանը չի համաձայնել, քանի որ նախագահ դառնալու մեծ ախորժակ ունի։ Այս ֆոնին բավական հետաքրքիր է Բակո Սահակյանի լռությունը, նա բացահայտ չի ցանկանում առայժմ որեւէ մեկին աջակցել։ Փոխարենը Հայաստանի իշխանություններն են ոտուձեռ ընկել, տեսնես` ինչ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Արցախի ԱԳ նախարար, նախագահի հավանական թեկնածու Մասիս Մայիլյանը մտերիմներ են, եւ Իշխանյանը խոստացել էր, որ Մայիլյանի առաջադրման դեպքում ՀՅԴ-ն աջակցելու է նրան, մեր տեղեկություններով՝ Իշխանյանը իր խոստումը չի կարողանալու պահել: Պատճառը այն է, որ Դաշնակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը որոշել է, որ կուսակցությունը պաշտպանելու է Վիտալի Բալասանյանին: Նման որոշման պատճառն այն է, որ Բալասանյանը հանդես է գալիս Հայաստանի իշխանությունների կոշտ ընդդիմախոսի դիրքերից, իսկ Մայիլյանը՝ ոչ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Աժ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Հենց Հովհաննիսյանն է ուղարկել հանդիպման հրավերները, եւ հիմնականում ներկա են եղել առողջարանային, հյուրանոցային, զբոսաշրջային ընկերությունների եւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Թեժ ու լարված այս հանդիպման ընթացքում հիմնական վրդովմունքի պատճառներից է եղել նաեւ ուղիղ եթերի ու առհասարակ լուսաբանման բացակայությունը, նաեւ այն, որ հանդիպումը հրավերներով, ոչ թե հայտարարությամբ է կազմակերպվել: Պաշտոնյաները փորձել են համոզել ներկաներին, որ հանդիպման նպատակն է հաշվետվություն ներկայացնել, թե ինչ են արել գերատեսչությունները Ամուլսարի խնդիրն ի շահ երկրի լուծելու համար: Բնակիչները, սակայն, հակադարձել են, թե հաշվետվությամբ իրենց չեն համոզի, ինչ էլ լինի, ճանապարհը չեն բացելու»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գյուղատնտեսությունը շարունակում է մեր երկրում անկում ապրել, մյուս կողմից էլ ավելանում է մեծ քանակի գյուղմթերքի՝ լոլիկի, վարունգի ու կարտոֆիլի ներկրումը Հայաստան, առավելապես` Թուրքիայից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պարզել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է ընդամենը 20 տոննա: Լոլիկը ներկրվել է Իրանից 693 տոննա, Վրաստանից` 46.1 տոննա եւ հիմանական քանակը` 2756 տոննան՝ Թուրքիայից: Լոլիկն ու կարտոֆիլը ըստ մասնագետների, քիչ են մշակում, որովհետեւ գյուղացիները իրացման խնդիր ունեն: 150 տոննա կարտոֆիլ, ի դեպ, ներկրվել է նույնիսկ Պակիստանից, որը աշխարհում միակ երկիրն է, որ չի ճանաչում ՀՀ-ն որպես ազատ ու ինքնիշխան պետություն: 2018-ի վեց ամիսներին ՀՀ ներկրվել է 1941 տոննա կարտոֆիլ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 4041 տոննա, որից Բելառուսից` 471 տոննա, Իրանից` 343 տոննա, Նիդերլանդներից` 1044 տոննա, Ռուսաստանից` 1590 տոննա»: