«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է, որ այսօր իրենք եւս միանում են համաժողովրդական շարժմանը: «Այսօր՝ ժամը 11:00-ին, Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում եւ կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը եւ վերջինիս կողմից որեւէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է եւ պետք է կանխվի»,- գրել է "Ելք" դաշինքի գծով Փաշինյանի գործընկեր Էդմոն Մարուքյանը, որը մինչ այդ չէր ողջունում փողոցային պայքարը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ին Հանրապետության հրապարակում շարունակվելու են խաղաղ անհնազանդության գործողությունները՝ ուղղված ՀՀԿ-ի իշխանության դեմ: Մինչ այդ հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի բանակցությունները չեղարկվել են: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում են Կարեն Կարապետյանը: