23.11.2024
Ավիշայ Քոեն, Take6. Մալխաս-75 միջոցառումների շարքը կվերածվի բացառիկ երաժշտական տոնի
prev Նախորդ նորություն

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրել Արարատ Միրզոյանից

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից՝  վերջինիս մասին տվյալները հրապարակելու համար:  


Ընկերությունը Facebook-ի իր էջում գրում է.


«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի և նման անհարմարություն պատճառելու համար:


Մեր ցանցը Երևանում գործում է 2006 թվականից և վայելում է երևանցիների և քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեր համար մեր աշխատանքում ամենակարևորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է: Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։


Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները և կրկին անգամ ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»,- ասված է հայտարարության մեջ։


Նախօրեին ԱԺ նախագահը Facebook-ի իր էջում գրեց այն մասին, որ տարեդարձի առիթով երկու օր առաջ առավոտյան հարազատներին հրավիրել էր խաշի։ Հավաքույթի ավարտին վճարել է 290 հազար դրամի կարգի գումար։


Ավելի ուշ Միրզոյանը համացանցում հանդիպել է իր և այդ միջոցառման մասին «մի զզվելի գրառում, որում առկա ստի, վիրավորանքների և զրպարտության համար» դատական հայց  է պատրաստվում ներկայացնել հեղինակի դեմ։ «Գրառման մեջ կասկած է հայտնվում, թե ինչպես ես այդ հաշիվը կարող էի վճարել՝ ապրելով միայն աշխատավարձով։ Դե ինչ, եթե դա է հույսներդ՝ մեզ կապել ինչ֊որ կոռուպցիոն ապօրինի եկամուտների հետ, ապա ձեր գործն ավելի անհույս է և դուք ավելի անճար, քան ինձ թվում էր», - գրել է Արարատ Միրզոյանը։


Նա նաև դիմել էր ռեստորանին, որի անունը չէր հրապարակել՝ նշելով, որ այդ ընկերությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հաճախորդի տվյալների հրապարակման համար և հանուն իր իսկ բարի համբավի պարզի իր ներսում այդ հրապարակման աղբյուրը։