23.11.2024
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բիշքեկ
prev Նախորդ նորություն

Ավիշայ Քոեն, Take6. Մալխաս-75 միջոցառումների շարքը կվերածվի բացառիկ երաժշտական տոնի

Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ կկազմակերպվեն մեծամասշտաբ համերգներ՝ համաշխարհային և հայ հռչակ վայելող արտիստների մասնակցությամբ:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգը, որի շրջանակում նրանց կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Երևանում աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը ելույթ է ունենալու առաջին անգամ:

Բացի այդ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և նրա ընկերները:

Համերգների կազմակերպիչը Prime Production-ն է:

Լևոն Մալխասյանը ծնվել է 1945թ. Երևանում: 1963թ. Երևանում կազմավորել է առաջին ջազ եռյակը, որը հետագայում անվանվել է «Լևոն Մալխասյանի ջազ կվարտետ»: 1980-ականների սկզբին Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում հիմնել է ջազ ակումբ, որին ներգրավված են եղել գրեթե բոլոր հայ ջազ երաժիշտները, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ջազ-փառատոներ:


1998թ. Երևանում կազմակերպել է առաջին միջազգային ջազ փառատոնը, 2000թ.` երկրորդը, 2006թ.` երրորդը, որոնց շրջանակներում Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչված բազմաթիվ ջազ երգիչներ, երաժիշտներ ու խմբեր` Չիկ Կորեա, «Նյու Յորք Վոիսիս», «Earth, Wind & Fire» և այլն: 2006թ. եղել է «Մալխաս» ջազ ակումբի համահիմնադիրը, որի երաժշտական ղեկավարն է:


Բազմաթիվ ջազ մրցույթների դափնեկիր է: 1999թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2008թ.` ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի` հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2007թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2013թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: