Սերժ Սարգսյանը քննադատում է այն, ինչ չհասցրեց վայելել. Մարուքյան
Սերժ Սարգսյանը խոսում է մի բանից, որը հենց ինքն է ստեղծել: Նա քննադատում է սուպերվարչապետական համակարգը, որը իրենից են ժառանգել ներկայիս իշխանությունները, որը ինքը ստեղծեց իր համար, բայց այդպես էլ չկարողացավ վայելել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, Սահմանադրությամբ հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմները խեղաթյուրված են և դրա հեղինակները նախկին իշխանություններն են:
«Այսօրվա իշխանություններին կարելի է քննադատել միայն նրա համար, որ դեռ չի փոխել այդ համակարգը: Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի դա կլուծվի»,- ասաց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած մտահոգությանը քաղաքական հետապնդումների մասով, ապա Մարուքյանը նշեց, որ եթե նման բան լիներ, ապա իրենք անպայման հայտարարություն կանեին, բայց նման բան տեսել են միայն դատավոր Աննա Դանիբեկյանի մասով (Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր - խմբ.) և ահազանգել են.:
«Արսեն Բաբայանի մասով էլ ենք խոսել, քանի որ կալանքը անիրավաչափ էր: Բայց ես չեմ կարող ասել, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը: