Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Հովհաննես Քոչարյանի՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառների մասին հարցին: Նրա խոսքով, ազատման պատճառը եղել է Քոչարյանի կողմից քաղաքական հայտարարություն անելը: «Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ: Ոստիկանության ղեկավարման ձևը քաղաքական հարց է»,- նշել է Կարապետյանը: Հիշեցնենք, նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Քոչարյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։