Կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. վարչապետ
ՀՀ կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: «Արդեն պատրաստ են փաթեթները: Ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որով կաջակցենք ոչ միայն բիզնեսին, այլև կոնկրետ մարդկանց»,- «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մեր տնտեսությանը պետք է աջակցենք: Առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի կառավարությունը տնտեսությանը: Մենք պետք է միտվենք ապագային, ոչ թե անցյալին: Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնենք այն ընկերություններին, որոնք հայկական դրամով վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու, հարկային պարտականությունները կատարելու, կոմունալ վճարումներն անելու, հումք ձեռք բերելու եւ այլ կարիքների համար: Կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որ այդ հատվածն էլ լինի 0%»,- ասաց վարչապետը:
Աշխարհում լուրիջ անորոշություն կա, թե ինչի վրա հետագայում մարդը գումար կծախսի: «Մի բան հստակ է, որ համաճարակից առաջ էլ, հետո էլ մարդը շարունակելու է սնվել: Եվ սա շատ լավ ժամանակամիջոց է, որ լրջորեն աջակցենք գյուղատնտեսությանը: Հիմա խնդիր ենք դրել այնպես անել, որ գյուղվարկերը սուբսիդավորենք այնքան մինչև դառնան 0% եւ քաջալերենք, որ շատերը զբաղվեն գյուղատնտեսությամբ»: Ըստ վարչապետի, այս ոլորտում սա շղթայական ձևով իր հետ բազմաթիվ ներդրումներն է բերելու :
30 մլրդ դրամի փաթեթ է պատրաստվել զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժումը բացառվի: «Այս գումարը հնարավոր սոցիալական հրդեհը մարելու համար է: Եթե պետք է պարզվի, որ այս ամենի պատճառով մեր քաղաքացին պետք է մնա սոված, չենք կարող ասել, նպաստ չենք տալիս»,-ասաց վարչապետը: