4.11.2026
Հայ ոստիկաններն ուսումնասիրել են Ֆրանսիայի հատուկ ստորաբաժանումների աշխատանքը
06.10.2026
Հայ ոստիկաններն ուսումնասիրել են Ֆրանսիայի հատուկ ստորաբաժանումների աշխատանքը

ԵՄ ԹԱՅԵՔՍ առաքելության շրջանակում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում էր։ Այցի նպատակն էր ծանոթանալ ճգնաժամային կառավարման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ Ֆրանսիայի ոստիկանության և Ազգային ժանդարմերիայի գործունեությանը, կիրառվող մեխանիզմներին և հատուկ ստորաբաժանումների աշխատանքային փորձին։ Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի գլխավոր վարչությունում և Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրինությունում (CRS)։ Ազգային ժանդարմերիայի շարժական հատուկ ստորաբաժանումում հայկական կողմին ներկայացվել են ստորաբաժանման գործունեությունը, տեխնիկական միջոցներն ու սպառազինությունը, ինչպես նաև դրանց կիրառման առանձնահատկությունները։ Պատվիրակությունը հանդիպել է նաև Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրեն Ժան-Սիրիլ Ռեյմոնի հետ։ CRS-ի կենտրոնական տնօրինությունում պատվիրակությանը ներկայացվել են հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կանխման նպատակով հատուկ ստորաբաժանումների մարտավարությունը։ Ներկայացվել են նաև ծառայողների հանդերձանքը, անհատական պաշտպանության և այլ հատուկ միջոցները։ Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի ծառայողներին Հայաստան գործուղելու և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար։ Հանդիպման ընթացքում կարևորվել են համագործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ուղղությունների վերաբերյալ։