10.04.2026
ՄԻՊ աշխատանքային խմբերը շարունակում են ուսումնասիրել Արցախից ժամանածների կարիքները
22.10.2020
ՄԻՊ աշխատանքային խմբերը շարունակում են ուսումնասիրել Արցախից ժամանածների կարիքները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար: Աշխատանքային խմբերի կազմում են եղել իրավաբաններ, բժիշկ և հոգեբան, որոնք ծանոթացել են նրանց առաջնային կարիքների գնահատման ընթացքին և ուսումնասիրել դիմումները:Ուսումնասիրվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, երեխաների կրթությանը, տարեցների իրավունքներին առնչվող հարցեր և այլն:Կացարաններում բնակվող անձանց բարձրացրած անհատական շատ խնդիրներ տեղում ստացել են լուծում:Այցերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվում է նաև թեժ գծի զանգերի և անհատական բողոքների քննարկմամբ:Մշտադիտարկման ընթացքում արձանագրված հարցերի կապակցությամբ համապատասխան գրավոր առաջարկներ կներկայացվեն պետական մարմիններին: