Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ Մինչ այդ նար գրել էր, որ մարտերը շարունակվում են։ "ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք", - գրել էր նա։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 16-ին ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի: Այսօր կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ, հրետակոծվում են Այգեպար և Մովսես գյուղերը։ Դեպքից հետո Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ և ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի «ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են»։