Արցախցի աշակերտներր Երևանում մասնակցել են առարկայական օլիմպիադային
Դպրոցական առարկայական օլիմպիադայի 2020-2021 ուստարվա եզրափակիչ՝ hանրապետական փուլին, որը կայացել է Երևանում, մասնակցել են նաև արցախցի աշակերտներ, որոնք առաջին, երկրորդ կարգի դպլոմներով ու գովասանագրերով են վերադարձել Արցախ:
Այս մասին տեղեկացրել է Արցախի կրթության,գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, «Արմենպրես»-ը:
«Արցախցի աշակերտները առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Երևանում մասնակցել են 6 առարկաներից՝ «Մաթեմատիկայից», «Ֆիզիկայից», «Կենսաբանությունից», «Աշխարհագրությունից», «Քիմիայից» և «Ինֆորմատիկայից: Դպրոցական առարկայական օլիմպիադայի Հանրապետական փուլի արդյունքներով, «Կենսաբանություն» առարկայից առաջին կարգի դիպլոմի է արժանացել Մարտունի քաղաքի թիվ 1 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Ավանեսյանը, իսկ Մարտակերտի Վաղուհաս գյուղի միջակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհին «Աշխարհագրությունից» արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի: Այդ առարկայից գովասանագրերի են արժանացել արցախցի երկու մասնակիցներ՝ Բադարա և Վանք գյուղերի դպրոցներից»,- մանրամասնեց Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ նախարարի հրամանով հաստատվել է օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողների անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:
Ըստ այդմ՝ անվանական կրթթաթոշակ է նախատեսվում դպրոցական առարկայական օլիմպիադայի եզրափակիչ՝ Հանրապետական փուլի արդյունքում՝ առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմակիրներին: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից: