5.07.2025
Ալեն Սիմոնյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցեր
14.07.2022
Ալեն Սիմոնյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանի անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ուրախ է այն առիթով, որ հենց ինքն է Հանրապետության նախագահին փոխարինելու ընթացքում ընդունել նրա հավատարմագրերը՝ հավելելով, որ Երեւանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը հայ-սերբական հարաբերությունների զարգացման եւ համագործակցության լավագույն խթանն է: Կողմերն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտության կարեւորությանը՝ ելակետային համարելով փորձի փոխանակումն ու փոխայցերը: Ալեն Սիմոնյանն առանձնացրել է բարեկամական խմբերի ակտիվ շփումները՝ առանցքային նշանակություն տալով Սերբիայի հետ սերտ համագործակցության ծավալմանը միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՍԾՏՀ-ի շրջանակներում: Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ անվտանգության հարցերին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով: Քննարկվել են հայ-սերբական բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները: