ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի համոզմամբ` Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը խոսելու ոչինչ չունեն: Ըստ այդմ էլ, համոզմունք հայտնեց նա, հանդիպումը ոչ մի արդյունքի էլ չի բերի: ԱԺ-ում VERELQ-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը նշեց, որ Հայաստանն այսօր անում է այն, ինչ Լավրովի կամ Քերրիի սրտով պետք է լինի, իսկ դա արդյունավետ չէ հենց Հայաստանի համար: «Իշխանությունները իրենց կոմֆորտ գոտուց դուրս գալ չեն ուզում, դրա համար էլ մերժեցին Արցախի ճանաչման օրինագիծը: Բայց դա հղի է ապրիլյան իրադարձությունների կրկնմամբ»,- ասաց նա` նկատելով, որ իշխանությունների կողմից օրինագծի մերժումը միայն մեկ նպատակ էր հետապնդում` միջազգային հանրության դժգոհությունը հանկարծ չհարուցել: Վերադառնալով այսօր Վիեննայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը, Հրանտ Բագրատյանը նշեց, որ հանդիպմանը Լավրովի ու Քերրիի մասնակցությունը վկայում է, որ միջազգային հանրությունը մտադիր է իրավիճակ փոխել և որոշակիորեն նվազեցնել լարվածությունը շփման գծում, բայց Արցախի անկախության ճանաչման օրինագծի մերժումը Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում: Հիշեցնենք, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այսօր` մայիսի 16-ի իր նիստում, դրական եզրակացություն չտվեց Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծին, որն ավելի ուշ ԱԺ քառօրյա նիստի օրակարգի հաստատման ժամանակ նաև հավանության չարժանացավ ու ԱԺ օրակարգ չմտավ: