Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատել է ալյումինի եւ պողպատի ԱՄՆ ներկրման մաքսատուրքերի բարձրացման պաշտոնական Վաշինգտոնի ծրագիրը: Նա «ապուշություն» է անվանել է այդ ծրագիրը:
Ինչպես հայտնում է Kleine Zeitung թերթը, Կուցի Խոսքով, անհրաժեշտության դեպքում Եվրամիությունը պետք է արձագանքի այս քայլին: «Եթե պետք է լինի, ապա անհրաժեշտ է արձագանքել այնպես, որ ԱՄՆ-ն վերաիմաստավորի իր քայլերը եւ հետ կանգնի այս ապուշությունից», - ասել է նա եւ ընդունել, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունն առեւտրային պատերազմի շեմին են:
«Առեւտրային պատերազմի պարագայում թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրամիությունը տանուլ են տալու», - ասել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ալյումինի եւ պողպատի ներմուծման համար նոր ու ավելի բարձր մաքսային սակագներ սահմանելու որոշմանը, որը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխարհում:
Եվրոպական հանձնաժողովը, որ հանդիսանում է Եվրամիության գործադիր մարմինը, առաջարկել է ԱՄՆ-ից Եվրամիություն ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ 25 տոկոսանոց մաքսատուրք սահմանել:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, եվրոպական գերատեսչության ցուցակում ներառվել են հետեւյալ ապրանքները՝ պողպատ, ջինս, կոշիկ, մոտոցիկլետ, բրինձ, բուրբոն, նարնջի հյութ: Նշվում է, որ ԵՀ-ն մտադիր է մաքսատուրք սահմանել 2.8 մլրդ եվրոյի ամերիկյան ապրանքների համար:
Հիշեցնենք, որ Թրամփի ալյումինի եւ պողպատի ներմուծման համար նոր մաքսային սակագներ սահմանելու որոշումը հարուցել էր հատկապես Չինաստանի դժգոհությունը:
Թրամփը նախատեսում է 25 տոկոսով մեծացնել պողպատի եւ 10 տոկոսով՝ ալյումինի ներմուծման սակագները, որը դժգոհություն է առաջացրել Չինաստանի իշխանությունների կողմից: Չնայած այս որոշման հիմնական շարժառիթը ամերիկա-չինական հարաբերություններն են, սակայն որոշումը մտահոգություն է առաջացրել նաեւ այլ տերությունների շրջանում:
Այն կազդի նաեւ Կանադայի եւ եվրոպական երկրների վրա, որոնք զգուշացրել են, որ այս ուղղությամբ ստիպված են լինելու դիմել հակաքայլերի, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ավելի վաղ Չինաստանի փոխարտգործնախարար Ժանգ Յեսուինը հայտարարել է, որ Պեկինը թույլ չի տալու իր առեւտրային շահերի ոտնահարում: «Չինաստանը չի ցանկանում առեւտրային պատերազմ ԱՄՆ-ի հետ, սակայն չենք պատրաստվում անգործ նստել, եթե ոտնահարվեն Չինաստանի շահերը»,- հայտարարել էր փոխարտգործնախարարը Չինաստանում օրենսդիրների տարեկան համագումարից առաջ հրավիրված մամլո ասուլիսին: