15.06.2026
Մնացականյան-Մամեդյարով հանդիպում․ Աշոտյանն ԱԳՆ-ից եւ վարչապետից պատասխաններ է պահանջում
17.01.2019
Մնացականյան-Մամեդյարով հանդիպում․ Աշոտյանն ԱԳՆ-ից եւ վարչապետից պատասխաններ է պահանջում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի վարչապետից եւ ԱԳ նախարարից անհապաղ պահանջում է պատասխանել մի քանի հարցերի՝ կապված հունվարի 16-ին տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ 4 ժամանոց հանդիպման հաղոորդագրության հետ։ «Շուրջ 4 ժամ տեւած բանակցությունները ավարտվել են մի տեքստով, որն ակնհայտորեն փոխհամաձայնեցված է երկու երկրների միջեւ, գրեթե նույնական արտգործնախարարությունների կայքերում եւ անհասկանալիորեն լավատեսական է։Հայաստանի վարչապետից եւ ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետեւյալ կարցերի պատասխանը՝ 1. Հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել տվյալ հանդիպումը։ 2. Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։ 3. Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում։4. Քննարկվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստումը Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին եւ ի՞նչ արդյունքով։ 5. Անդրադարձ կատարվե՞լ է արդյոք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավովածություններին», - ասված է Աշոտյանի facebook-յան գրառման մեջ։ Փարիզում ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում Մնացականյանն ու Մանեդյարովն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները: Այնուհետեւ հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ նշելով, որ հանդիպմանը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցություններին ուժեղ ազդակ հաղորդելու համար: «Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարեւորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը: Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ»,-ասված է հայտարարությունում: