Մի քանի ժամից արտգործնախարարը կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որտեղ կքննարկվեն օրակարգի հարցեր, այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նշեց, որ կքննարկվի նաև իրավական բացը լրացնելու հարցը, որը վերաբերում է կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերին։ «Մինչև այդ հարցերի քննարկումը դեռ վաղ է խոսել Բելառուսի թեկնածուին գլխավոր քարտուղար նշանակելու մասին։ Այդ մասին որոշումը և թեկնածության հարցը կլուծվի ՀԱՊԿ բոլոր անդամների հետ»,- հայտարարեց Նաղդալյանը։ Հիշեցնենք, մայիսի 22-ին Բիշքեկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստը: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերիյ Սեմերիկովը հայտարարել էր, որ այս պահի դրությամբ կա մեկ թեկնածություն՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի: Սակայն չի բացառվում , որ պաշտոնը թափուր մնա մինչ ՀՀ պաշտոնավարման ավարտը՝ 2020 թվականը: