21.06.2025
Մադրիդյան սկզբունքների մերժումն Արցախի կողմից Բաքվին կդրդի լայնածավալ պատերազմի
02.04.2019
Մադրիդյան սկզբունքների մերժումն Արցախի կողմից Բաքվին կդրդի լայնածավալ պատերազմի

Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ նոր փաստաթուղթ չի մշակվում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ վստահեցրել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Մինչ այս պահը Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակվել և ՀՀ-ին ու Ադրբեջանին բանակցելու համար հիմք էին առաջարկվել այսպես կոչված մադրիդյան սկզբունքները, որոնք բոլորին հայտնի 3 սկզբունքների և 6 տարրերի հիման վրա կառուցված փաստաթուղթ է: Այս փաստաթղթի շուրջ էլ հավանաբար բանակցություններ են վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Մադրիդյան սկզբունքները՝ տարածքների հանձնման, ադրբեջանցի փախստականների վերադարձի կետերով կազմաքանդում են Արցախի անվտանգային ողջ համակարգը և անհնար դարձնում այդ նոր սահմաններով (փաստացի՝ նախկին ԼՂԻՄ սահմաններիով) Արցախի և նրա բնակչության ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը: Եթե այս փաստաթուղթը շարունակում է մնալ բանակցությունների հիմք, ապա Փաշինյանի հայտարարություններն՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու քաղաքականությունը փաստացի հանգեցնելու է նրան, որ Արցախը պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնալով կա՛մ մերժի այդ վերջնական փաստաթուղթը, կա՛մ ընդունի՝ ինքնասպանության տանելով Արցախի ողջ բնակչությանը: Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ բանակցությունների ֆորմատը ՀՀ-Ադրբեջանն է ու ինքը չի պատրաստվում բանակցել Արցախի իշխանությունների հետ: Եթե անգամ թեորիապես պատկերացնենք մի իրավիճակ, որ Ալիևն արտաքին խաղացողների ու Մինսկի խմբի կողմից ճնշումների ու սպառնալիքների ներքո համաձայնվում է Արցախի վերադարձին բանակցային սեղան, ապա կրկին անգամ մադրիդյան փաստաթղթին համաձայնությունը պետք է տան հայկական կողմերը՝ ՀՀ-ն ու Արցախը: Եթե Արցախի իշխանությունները եռակողմ՝ ՀՀ-Ադրբեջան-Արցախ ֆորմատով բանակցությունների ընթացքում կրկին անգամ մերժեն կյանքի կոչել մադրիդյան սկզբունքները, ապա Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը, այսինքն  հայկական կողմը, մերժում է Մինսկի խմբի կազմած փաստաթուղթն ու հայտարարում բանակցություններից դուրս գալու ու հետագայում հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկության մասին: Բանակցային հիմնական փաստաթղթի տորպեդահարողը հայկական կողմերն են լինելու: Արցախի իշխանություններն ու հասարակությունը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ նրանց համար անընդունելի է որևէ տարածքային զիջում Ադրբեջանին, այդ դիրքորոշումն ավելի խստացավ 2016թ.-ի ապրիլյան քառօրյայից հետո: ՀՀ-ի նոր իշխանությունների բանակցային մարտավարությունն այժմ միտված է ժամանակ ձգելուն՝ մադրիդյան փաստաթուղթը մեկնաբանելու, քննարկելու և համապատասխան մթնոլորտ ստեղծելուն: Սակայն Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է ռազմական գործողությունների. թավշյա հեղափոխությունից հետո մինչ այս պահը նրանք հարաբերական խաղաղությունը սահմաններում օգտագործել են ամրապնդվելու թե՛ ապրիլյան քառօրյայի ժամանակ Արցախում գրաված դիրքերում, թե՛ Նախիջևանում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում: Բաքուն շատ լավ հասկանում է Երևանի պինգ-պոնգ դիվանագիտությունը, երբ Երևանը բանակցություններում վերջնական խոսքը գցում է Արցախի վրա, իսկ Արցախը հայտարարում է, որ մինչև Ադրբեջանը չճանաչի Արցախի լիիրավ բանակցային կողմ ու Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը, նրանք շարունակելու են պահպանել այսօրվա ստատուս-քվոն: Հայկական կողմերի մարտավարությունը՝ ձգել ժամանակ ու Արցախի  բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարությունները, կարող են ունենան երկու ավարտ: Առաջինը. Ադրբեջանը, ելնելով իր շահերից, հրավիրի Արցախին մասնակցելու բանակցությունների վերջնական փուլում, երբ մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախը պետք է զիջի 7 շրջան ու այնտեղ վերադառնան ադրբեջանցի փախստականներ առանց մեկ կրակոցի, իսկ Ստեփանակերտն այդ ժամանակ հայտնվում է բարդ վիճակում՝ համաձայնվել դրան կամ մերժել այդ փաստաթուղթը: Երկրորդ. Ադրբեջանը շարունակելու է բանակցությունները ՀՀ-ի հետ, մերժելով Արցախի վերադարձը բանակցային սեղանին: Ինչ-որ պահի, երբ հայկական կողմի զգոնությունը բթանա հասարակությունները խաղաղության պատրաստելու և այլ կեղծ օրակարգերից, ուժերի բալանսը 100 տոկոսով թեքելով իր կողմ, լայնածավալ պատերազմ սկսի Արցախի դեմ՝ Մինսկի խմբին ու հայկական կողմերին կանգնեցնելով փաստի առաջ, ինչպես դա եղավ ապրիլյան քառօրյայի ժամանակ: Երկու սցենարներն էլ վտանգավոր են ՀՀ-ի ու Արցախի համար: Միակ լուծումը ինտենսիվորեն պատրաստվելն է նոր պատերազմի, նոր զինատեսակների գնումը ու ՌԴ-ի հետ ռազմական, դաշնակցային կապերը խորացնելը: