Բա խցանումնե՞րը. գծատերը բարձրացրել է օրավարձը, վարորդները գործադուլ են անում
Քաղաքային տրանսպորտի մի շարք վարորդներ այսօր դուրս չեն եկել աշխատանքի. նրանք գործադուլ են անում՝ իրենց բողոքում բարձրաձայնելով թե՛ անձնական բնույթի, թե՛ քաղաքային մասշտաբի խնդիրներ:
Վարորդները, մասնավորապես, պահանջում են քաղաքային իշխանություններից լուծում տալ մի շարք խնդիրների, որոնք բարդացնում են իրենց աշխատանքը: Խոսքը, մասնավորապես, Երևանում առկա ամենօրյա խցանումների, այդ թվում և Արարատյան մաքսատնից դուրս եկող մեծ բեռնատար մեքենաների պատճառով առաջացող խցանումների, տուգանքների և այլ խնդիրների մասին է: Իսկ թե ինչո՞ւ վարորդները որոշեցին հենց այս պահին գործադուլ անել պատասխանը գծատիրոջ կողմից օրավարձի բարձրացումն է:
Նրանք նշում են, որ երևանյան խցանումներն ուղղակի անտանելի են և դրանց պատճառով իրենք չեն կարողանում օրվա պլանը կատարել, քանի որ ժամանակի մեծ մասն անցկացնում են խցանումների մեջ: Չնայած սրան, գծատերը որոշել է 1500 դրամով բարձրացնել իրենց օրավարձը:
VERELQ-ի տեղեկություններով, գործադուլ են անում թիվ 1, 12, 10, 19, 34 և այլ երթուղիներ սպասարկող վարորդները: Այս բոլոր երթուղիները պատկանում են մի գծատիրոջը:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ այս պահին քաղաքապետարանի և ընկերության սեփականատիրոջ միջև բանակցություններ են ընթանում։ Ավելի ուշ քաղաքապետարանը խնդրի վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ տեղեկատվությամբ։