Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների մասին: Նույն օրը հանրապետության նախագահն ընդունել է նաև Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Վերջինս, հիշեցնենք, դուրս է եկել ԼՀԿ խմբակցությունից: Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին: Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին: